Այսօր երեկոյան Արցախում եզրագիծն է հատում վեհ ու սուրբ գաղափարների, մարդասիրական ու մեծահոգի, ազնիվ մղումներով խոստումների վազքարշավը... 
Թե ինչքանով կարդարացվեն ջանքերն ու թափած քրիտինքը, կերևա երկու օր հետո:
Ամենակարևորը` ոմանց համար այն կավարտվի հաղթանակով` անձեռնմխելիության ու ամնեզիայի ուղեկցությամբ։

Հենց նրանցով էլ կձևավորվի նոր խորհրդարան` մեկ առաքելությամբ` արտագրել ՀՀ ԱԺ ընդունած օրենքները և դրա համար սեղմել կանաչ կոճակը։

Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է հատուցվի անձեռնմխելի պատգամավորի այս ծանր առաքելությունը։ Իհարկե` բարձր աշխատավարձով... Բազմապատկեք 33 պատգամավորը միջինը 500 000 աշխատավարձով, դրան գումարեք շենքի պահպանողական ծախսերը, անձեռնմխելի երեսփոխանների ծառայողական մեքենաների, կոֆե-չայի ու կոնֆետի, արտոնությունների–չարտոնությունների ու այլ ծախսերը...

Հիմա պատասխանեք ինձ` ո՞վ կարող է հիմնավորել, որ օրենք արտագրելու համար անհրաժեշտ է 33 երեսփոխան` այսքան ծախսով։ Ո՞վ կարող է համադրել 50 000 նվազագույն աշխատավարձը և օրենք արտագրելու համար 500 000-ը։ Բա դպրոցում ասում էին՝ չի կարելի արտագրել, արտագրելը պատժվում է... Տեսնո՞ւմ եք, որ լավ էլ վարձատրվում է։

Ի դեպ, այս 33-ին տեղավորելու հարցն էլ է առաջանալու... Այսինքն, հնարավոր է շենքի կառուցման խնդիր էլ առաջանա...

Չեմ ուզում ծանրացնել մտքերս այն բոլոր սոցիալական խնդիրներով, որոնց ֆոնին այս խորհրդարանի կազմավորումը պարզապես ազգի դավաճանություն է։ Չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ թեկնածուների ահռելի մի խմբաքանակին, որ օրենսգիրքն այբուբենից չեն տարբերի, բայց որոշել են ինձ համար հարմար օրենսդրական դաշտ ստեղծել։ Դե հիմա ասեք, թե ի՞նչ սրտով պիտի գնամ ընտրության... Դե հիմա ասեք, որ սիրում եք Արցախը, և ձեր սիրտը ցավում է իմ փոքրիկ երկրի համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել