ga1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Դավիթ Վարդանյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Դավիթը մեղադրվում է այն բանի համար, որ խմբի կազմում՝ գործով չպարզված երկու անձանց հետ ծեծի է ենթարկել Անանիա Գ.-ին ու դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հոդվածի այդ մասով 5-ից 10 տարի ազատազրկում է նախատեսվում:

Չբացահայտված խմբի կազմում տուժողի առողջությանը հատկապես Դավիթ Վարդանյանի կողմից ծանր վնաս հասցնելը, ինչպես ցույց տվեց դատական հերթական նիստը, անգամ տուժողը չի ընդունում: Վերջինս դատարանում ասաց, թե բացառում է, որ իրեն ծեծի ենթարկած երեք անձանցից մեկը եղել է Դավիթ Վարդանյանը:

Այս գործով մեղավորների հետ կապված իրավիճակը «Սուտլիկ որսկան» հեքիաթի երեք պառավներին է հիշեցնում. երկուսը բացահայտված չեն, մեկին էլ տուժողը չի ճանաչում…

Նախաքննության կեսից տուժող Անանիան դիմումներ է հղել տարբեր ատյաններ ու հայտարարել է, թե իրեն ծանր վնասվածք հասցնելու համար մեղադրվող Դավիթը իրականում դեպքի պահին իր հետ ոչ մի առնչություն չի ունեցել…
Դեպքը, ըստ մեղադրանքի, կատարվել է 2014 թվականի մարտի 15-ին:

Գլխուղեղային ծանր վնասվածք ստացած Անանիա Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, ստացել է անհրաժեշտ բուժում: Եկել է ժամանակը, որ նա ներկայացնի, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում է նա ստացել ծանր վնասվածքը:

Բայց մինչ դեպքի օրվա իրադարձությունների ծավալվելը, Անանիան երկու միջադեպի ևս մասնակից էր եղել:

Նախ, դեպքից տևական ժամանակ առաջ նա ծեծել էր իրենից տարիքով մեծ Տիգրանին: Հետո հասկացել էր իր սխալը և ուղիներ էր որոնել Տիգրանին հանդիպելու և ներողություն խնդրելու համար:
Իսկ դեպքից մեկ օր առաջ նա կռվել էր Գևորգ անունով մի անձնավորության հետ:

Երբ դեպքից հետո Անանիային հարցրել էին, թե ովքե՞ր կարող էին նրան ծեծի ենթարկել, ի՞նչ միջադեպեր են եղել մինչև դեպքը, նա սկզբում հիշել է նախորդ օրվա իր կռիվը Գևորգի հետ:

Այդ Գևորգին իրավապահները հայտնաբերել են, որոշ ժամանակ քննությունն ընթացել է, բայց պարզվել է, որ Գևորգը դեպքի օրը հստակ ալիբի ունի, նա մասնակից չի եղել Անանիայի ծեծին, ինքն էլ, Անանիայից հարված ստացած լինելով, նրանից որևէ բողոք կամ պահանջ չունի:

Այնուհետև իրավապահները պարզել են, որ դեպքից առաջ Անանիայի հայրը հանդիպել է այս գործով ամբաստանյալ դարձած Դավիթին: Պարզվել է, որ Անանիան, երբ ցանկացել էր ներողություն խնդրել իր կողմից նախկինում ծեծված Տիգրանից, հետաքրքրվել ու պարզել էր, որ Դավիթը Տիգրանի որդու ընկերն է: Դավիթի միջոցով Տիգրանի հետ հանդիպում կազմակերպելու նպատակով Անանիայի հայրը փորձել էր պայմանավորվածություն ձեռք բերել Դավիթի հետ…

2014 թվականի ապրիլի 17-ի ուշ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժին են տարվել այս գործով տուժող Անանիան ու նրա կինը:

Անանիան իր առաջին ցուցմունքում նկարագրել է, թե դեպքի օրը տուն գնալիս ինքը նկատել է, որ իրեն մի սև «Մերսեդես» է հետևում: Երբ հասել է տան մոտ ու ցանկացել է իջնել, այդ «Մերսեդեսից» մի մարդ է իջել, մոտեցել է իրեն ու հարցրել է, թե որտե՞ղ է այսինչի տունը: Ինքը մտածել է, թե խոսքը հարևանի մասին է, ցանկացել է ցույց տալ, բայց այդ պահին իրեն մոտեցած մարդը բռունցքով ուժգին հարված է հասցրել իր գլխին, ինքն ընկել է իր մեքենայի վարորդի կողքի նստարանին: Հետո երկու հոգի էլ են մոտեցել, իրեն վարորդի կողքի դռնով հանել են մեքենայից ու ծեծել են: Այդ ընթացքում նրանցից մեկը ինչ-որ ծանր բանով հարվածել է իր գլխին, ինքը կորցրել է գիտակցությունը, ստացել է ծանր վնասվածք:

Իր առաջին ցուցմունքի մեջ տուժող Անանիան նկարագրել է այն մարդուն, ով առաջինը մոտեցել էր իրեն ու հասցրել էր առաջին հարվածը, մյուսներին տուժողը նկարագրել ընդհանրապես չի կարողացել: Այդ առաջին հարվածողի մասին տուժողը սկզբնական ցուցմունքում ասել է, թե նա մոտ քառասուն տարեկան, նիհար, «չոլկայով» մարդ է եղել:

Նույն օրը՝ ապրիլի 17-ի ուշ երեկոյան ոստիկանության բաժին է տարվել նաև Դավիթ Վարդանյանը: Նրան, ըստ Վարդանյանի շահերի պաշտպանի, ոստիկանները «Այֆոնով» լուսանկարել են, ապա այդ լուսանկարը ներկայացրել են արդեն ցուցմունք տալը վերջացնող Անանիային ու, ըստ Դավիթի պաշտպանի և ըստ տուժող Անանիայի, վերջինիս պարտադրել են, որ նա, ի դեմս Դավիթի, ճանաչի այն անձին, ով դեպքի պահին մոտեցել էր իրեն ու հասցրել էր առաջին հարվածը:

Անհարթություններ են առաջացել այն առումով, որ Անանիան արդեն իր ցուցմունքում նկարագրել էր ենթադրյալ հանցագործին, ու այդ նկարագրությունը չէր համապատասխանում Դավիթ Վարդանյանի իրական արտաքինին. վերջինս ավելի ջահել էր, նիհար չէր, միջին մարմնակառուցվածք ուներ և, որ ամենաարտահայտիչն էր, Դավիթը ճաղատ էր ու «չոլկա» ունենալ ոչ մի կերպ չէր կարող…

Բայց, ըստ տուժողի, ոստիկաններն իրեն վախեցրել են, թե դեպքին նախորդած իր կռիվների համար իր դեմ քրեական գործ կհարուցվի, եթե ինքը լուսանկարով չճանաչի Դավիթ Վարդանյանին:

Ըստ տուժողի՝ ինքը փաստաբան է պահանջել, իրեն փաստաբան չեն տվել: Եվ տևական հարցաքննությունից հոգնած, առողջական ծանր վիճակում գտնվելով՝ ինքը ստիպված է եղել լուսանկարով «ճանաչել» Դավիթ Վարդանյանին՝ որպես դեպքի ժամանակ իրեն առաջին հարվածը հասցնողի:

Արտաքինի նկարագրության անհամապատասխանությունների վերաբերյալ տուժողը ճանաչման պահին ու դրան անմիջապես հաջորդած լրացուցիչ ցուցմունքում հայտնել է՝ քանի որ իրեն հարվածողը գեր չէր, ինքն ասել է, որ նա նիհար է, իսկ «չոլկայի» մասին ասել է, թե դեպքի պահին երևի ճակատամասում ճաղատ Դավիթի մազերը ավելի երկար են եղել, ու նա մազերը, երևի, դեպի առաջ էր սանրել…

Ճիշտ է, տուժողը նաև ասել է, թե իրեն ծեծողները խառը հարվածներ են հասցրել, ինքը չի կարող հստակ ասել, թե հենց Դավիթի հարվածից է ինքը ծանր վնասվածք ստացել…

Այնուհետև, արդեն ապրիլի 18-ի առավոտյան, շարունակելով տուժողին պահել ոստիկանության բաժնում, կատարվել է առերես հարցաքննություն, որի ժամանակ տուժող Անանիան պնդել է, որ իր հետ առերես հարցաքննվող Դավիթն է իրեն հասցրել առաջին հարվածը, նա է եղել իրեն ծեծողներից մեկը:

Այս առերեսումից հետո Դավիթի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դավիթի ծնողները, ըստ պաշտպանական կողմի, փորձել են ինքնուրույն ելք գտնել: Նրանք ընդհանուր ծանոթներ են գտել, նրանց միջոցով հանդիպում են խնդրել, և Դավիթն իր մոր ու մտերիմների հետ մեկնել է Գավառ՝ Անանիայի հայրական տուն:

Այնտեղ Դավիթը պնդել է, թե ինքը Անանիային չի ծեծել, և խնդրել են, որ Անանիան փոխի ցուցմունքը, ասի, թե շփոթել է, Դավիթը իրեն չի մոտեցել, իրեն չի հարվածել, դեպքի օրը նա ծեծողների մեջ չի եղել:

Դավիթի հարազատները առաջարկել են նաև հատուցել Անանիայի հիվանդանոցային ծախսերի եռապատիկը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրան ապահովել փաստաբանով, եթե նախաքննական մարմինը փորձի գործ հարուցել սուտ մատնության մեղադրանքով:

Անանիան պնդում է, թե Դավիթից ու նրա հարազատներից ինքը որևէ գումար չի վերցրել, բայց իր ցուցմունքն էլ… վախեցել է փոխել: Ընդհակառակը, մի լրացուցիչ ցուցմունք է տվել, ներկայացրել է իրենց տանը կայացած հանդիպումը և տեղի ունեցած խոսակցությունը, պնդել է, որ Դավիթն է եղել իրեն առաջինը հարվածողը, դեռ հավելել է, թե առաջին ցուցմունքում դիտավորյալ է սխալ նկարագրել նրա արտաքինը, քանի որ վախեցել է իր ընտանիքի ապահովության համար:

Դրանից հետո որպես Դավիթի խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը վերաքննիչի կողմից փոխվել է գրավի, ապա նորից ընտրվել է կալանքը:

Այս ընթացքում դեպքին նախորդած կռվի համար տուժող Անանիայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որը, սակայն, կարճվել է 2014 թվականի մայիսի 31-ին՝ բողոքի բացակայության հիմքով:

Տուժող Անանիան սկսել է դիմել վերադաս ատյաններին՝ դատախազություն և այլուր՝ նշելով, թե ոստիկանության Արաբկիրի բաժնում իրեն ու կնոջը ապօրինի պահել են, իրեն պարտադրել են, որ լուսանկարով ճանաչի Դավիթ Վարդանյանին, նրա դեմ ցուցմունք տա, այդ ցուցմունքը պնդի առերես հարցաքննության ժամանակ: «Ինձ տուն են թողել միայն ոստիկանների պահանջը կատարելուց հետո»,- ասաց տուժողը:

Նա դատարանում պնդեց, որ իր տված բազմաթիվ ցուցմունքներից այն ցուցմունքները, որտեղ ինքը նշել է, թե Դավիթ Վարդանյանն է իրեն հարվածել առաջինը, սուտ են, դրանք ինքը ստիպված է եղել գրել. «Ոնց պարտադրել են, գրել եմ… Ես օրենքներից բան չէի հասկանում, փաստաբան էի պահանջում, չէին տրամադրում»:

Տուժողը հիմա փաստաբան ներկայացուցիչ ունի, ով ներգրավվել է նախաքննության կեսից:

Մեղադրողը տուժող Անանիային ի վերջո հարցրեց. «Ձեր դիրքորոշումը փոխելը կապված չէ՞ այն բանի հետ, որ ձեզ գումարներ են տվել»:

Տուժողը պատասխանեց. «Ինձ գումար չեն տվել»:

Տուժողի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ նիստին՝ մայիսի 18-ին, պիտի հարցաքննվեն տուժողի մայրն ու կինը, իսկ տուժողն ասաց, թե բուժման է գնալու, հնարավոր է՝ բացակայի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել