Կարծում եմ՝ Դուբայ քաղաքի և առհասարակ ԱՄԷ–ի կտրուկ հաջողությունը պայմանավորված է ոչ միայն այնտեղ նավթի հայտնաբերմամբ 1966թ.–ին կամ դրան հաջորդած ավիացիայի, տուրիզմի, ֆինանսական ծառայությունների զարգացմամբ, այլ այդ երկրի ծառայությունների ոլորտի աննախադեպ զարգացման հաջողությամբ։ Այդպիսի ապշեցուցիչ և նախանձելի նվիրվածություն իրենց աշխատանքին, ինչպիսին ցուցաբերում են Ասիայի բոլոր անկյուններից այստեղ եկած «խոպանչի» ամենահասարակ խորհրդատուները, մատուցողները, տաքսու վարորդները և նույնիսկ հյուրանոցի հավաքարարները (այստեղ միայն տղամարդիկ են այդ աշխատանքին), ես երբեք որևէ այլ երկրում չէի հանդիպել (ամենածայրահեղ համեմատության համար նշեմ Իտալիան): Նրանք այնպես են ընդունում հաճախորդին, այնպես են վարվում նրա հետ, որ վերջիններս իրենց զգում են առնվազն արքայազն կամ իշխանուհի, իսկ իրենք՝ այդ խոնարհ, անչափ քաղաքավարի խորհրդատու–մատուցող–տաքսիստ–հավաքարար հնդիկները, ֆիլիպինցիները, միջինասիացիները, պակիստանցիները, նույինսկ ռուսները բարձրանում են շատ ավելի վեր իրենց պաշտոնների անվանումներից, և կարծես թվում է՝ գործ ունես գործադիր տնօրենների, շեֆ–խոհարարների, տնտեսվարների կամ ինժեներ–գիդ–վարորդների հետ։ Եվ ուզում եմ նկատել, որ ի տարբերություն մեր իրականության, որտեղ պաշտոնն է զարդարում մարդուն, այստեղ հանդիպում ես հակառակ երևույթին՝ մարդն է զարդարում պաշտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել