3131in.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նելլի Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

40-ամյա Նելլին ամուսնալուծված է, խնամքին մինչև 14 տարեկան 4 երեխա ունի:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունվարի 13-ին նա իր վարձակալած բնակարանում առանց զուգընկերոջ՝ իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող, նույն մարզի բնակիչ Մովսեսի (անունը փոխված է) իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ:

Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և Մովսեսին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մովսեսի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում:

Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Նելլին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Նելլիի խնամքին չորս անչափահաս երեխա կա:

Նելլի Ն.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը թողնվել է քրեական գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել