chk_captcha1in.am-ը գրում է.

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատալսումն է հետաձգվել, և այն տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին։ Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանում անցկացված լսմանը մասնակցել են Դինքի ընտանիքի և պատասխանող կողմի փաստաբանները: Ներկաների թվում են եղել նաև «Հրանտի ընկերներ» խմբի անդամները, ինչպես նաև քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված փաստաբան Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն։

Դատալսմանը մասնակցած Դիարբեքիրի փաստաբանների խորհրդի նախագահ Թահիր Էլչին հայտնել է, որ իրենց պնդմամբ՝ սպանության հետևում զինված կազմակերպություն է կանգնած: Այդ իսկ պատճառով իրենք սպասում են, որ Հանրապետական դատախազությունում հետաքննությունն ավարտվի այն ժամանակ, երբ արդեն հավաքված կլինեն բոլոր ապացույցները։

Արդյունքում դատարանը լսումը հետաձգելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել