Մարդիկ սովոր են Աշոտ Աղաբյանի՝ Բուռնաշի ասածներին կեսլուրջ-կես կատակով վերաբերվել, մինչդեռ մարդը մեկ-մեկ իրոք հետաքրքիր բաներ ա ասում։ Չգիտեմ՝ ինչ թեմայի կոնտեքստում Բուռնաշը լրագրողի հետ կիսվել է Հայաստանի արտաքին պարտքը մարելու իր տեսլականով ու ասել է, որ եթե մի 6 ամիս հաց ու պանիր ուտենք ու պետականացնենք կոմունիկացիաները, ապա էլ արտաքին պարտք չենք ունենա, ոչ էլ դրա կարիքը կլինի։
Այս հայտարարության հետաքրքրությունը ոչ թե հաց ու պանրի պահն է, ոչ էլ անգամ այն, որ 6 ամսում նույնիսկ միայն հաց ուտելով 5 միլիարդ դոլարի պարտք չենք փակի, այլ այն, որ իշխանական թևի կարկառուն գործիչներից մեկից առաջին անգամ ենք լսում էքսպրապրիացիայի ու նացիոնալիզացիայի հիշատակում, որովհետև կոմունիկացիաները պետականացնելու մասին ասվածը հենց դա է։
Ի՞նչ է դա նշանակում. երկաթուղու, հեռախոսակապի, ավիաուղիների և այլ կոմունիկացիոն ուղղությունների պետականացում ու պետական մոնոպոլիայի սահմանում։ Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է թվում, որովհետև դժվարանում եմ պատկերացնել, թե ոնց են Հայաստանի երկաթուղին հետ խլելու ռուսական ՌԺԴ-ից, բայց եթե այս տրամաբանությունը սկսի ավելի հաճախ հնչեցվել ու բարձր մակարդակներում պոպուլյար դառնա, կարող է օգուտներ բերել։
Ի՞նչ օգուտների մասին եմ խոսում. եթե ռուսական պետական գիգանտներից ինչ-որ գույք խլելն իրատեսական չէ, ապա միանգամայն իրատեսական է վերանայել հայաստանյան չինովնիկ-գործարարների կողմից վերջին 20 տարում իրականացված սեփականաշնորհման մութ գործարքները, կարելի է նորից քննել Նաիրիտի, Կոնյակի Գործարանի, հանքաարդյունաբերության ոլորտի գիգանտների վաճառքն արտասահմանյան ընկերությունների օֆշորային դուստր ձեռնարկություններին, ու վստահեցնում եմ ձեզ՝ միանգամայն լեգալ հիմքերով միլիարդավոր դոլարներ հետ վերադարձնելու հիանալի հնարավորություններ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել