Tert.am-ը գրում է.

Կիպրոսի թուրքական հատվածի նորընտիր նախագահ Մուսթաֆա Աքընջըին դուր չի գալիս թուրքական կողմից Կիպրոսի հասցեին հնչող «ձագուկ հայրենիք» որակումը, և նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում նա անդրադարձել է այդ խնդրին, հայտնում է CNN Turk-ը։

«Ոչ թե ձագուկ հայրենիք, այլ եղբայրական պետություն»,- հայտարարել է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը։

Նա նշել է, որ Կիպրոսի թուրքերն իրենք են իրենց ղեկավարում և իրենք են իրենց տան տերը։

Արձագանքելով նախագահի այս հայտարարությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան հիշեցրել է այն ամենի մասին, ինչ Թուրքիան արել է Կիպրոսի թուրքական հանրապետության համար։

«Այդ արտահայտությունը ջերմության դրսևորում է։ Պարոն Աքընջըն այժմ Հյուսիսային Կիպրոսի ժողովրդի կողմից ընտրված նախագահն է, բայց նրա ականջը թող լսի այն, ինչ դուրս է գալիս բերանից։ Թուրքիան մինչ այժմ տեր է կանգնել Հյուսիսային Կիպրոսին։  Այս պետությունը Կիպրոսում գին է վճարել»,- հայտարարել է Էրդողանը։

Դրան ի պատասխան Կիպրոսի թուրքերի նորընտիր առաջնորդն ուղիղ եթերում ասել է, թե ինքն իր խոսքի տերն է։

«Թուրքիան չի՞ ցանկանում, որ այդ ձագուկը մեծանա։ Միշտ ձագո՞ւկ մնանք, ոտքի կանգնել չկարողանա՞նք, հասուն մարդ չդառնա՞նք»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել