Չնայած դեռևս Ծաղկաձորում ընթացքի մեջ է շախմատի թիմային առաջնությունը, բայց մենք կարող ենք շնորհավորել մեզ նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ: Վերջին տուրից առաջ մեր տղաները, կարելի է ասել, 100 տոկոսով ապահովել են երրորդ հորիզոնականը, քանի որ մեր մրցակիցները պետք է լինեն վերջին հորիզոնականը զբաղեցնող եգպիտացիները, իսկ Եգիպտոսի ընտրանուն չհաղթելը նշանակում է այլևս շախմատ չխաղալ: Հատկապես հաճելիորեն զարմացրեց Հրանտ Մելքումյանը: Մեր երիտասարդ շախմատիստն անցկացրած բոլոր հանդիպումներում իրեն դրսևորեց ամենալավ հատկանիշներով, կարծում եմ՝ մրցաշարի լավագույն չորրորդ խաղատախտակի ամենաիրական, ամենաարժանի հավակնորդն է: Այո, իսկապես որ, մեր ընտրանին ունի երիտասարդացման կարիք, և հատկապես ուրախացնում է այն, որ մենք ունենք բավականին ուժեղ երիտասարդ շախմատիստներ: Ավելի քան վստահ եմ, որ մեր ընտրանին հասնելու է ավելի մեծ հաջողությունների: Իմ կարծիքով՝ մեր ներկայիս ընտրանուց իր խաղամակարդակով հետ է մնում Վլադիմիր Հակոբյանը, և հաջորդ ստուգատեսում անհրաժեշտ է նրան փոխարինել մեկ այլ երիտասարդ խաղացողով, ով փորձառու խաղընկերների կողքին իրեն կզգա ավելի վստահ և հետագայի համար թե՛ թիմային և թե՛ անհատական պայքարում կզբաղեցնի ավելի բարձր դիրքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել