Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարությունն աննախադեպ էր, քանի որ դրան ոչ միայն ցեղասպանության դեմ պայքարի հարցում ավանդական երկրներն են կողմ եղել, այլև նրանք, ովքեր նախկինում Ցեղասպանության վերաբերյալ իրենց գնահատականներով չեն առանձնացել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«Հայտարարության ներքո եղել է մոտ երկու հարյուր ստորագրություն, իսկ 170 ստորագրությունից ավելի ունենալը բացառիկ երևույթ է ԵԽԽՎ-ի համար, չեն ստորագրել Թուրքիայի և Թուրքիայի սատելիտ երկրների պատվիրակները»,-ասաց նա:

Նշենք, որ ԵԽԽՎ հերթական նիստը կայացել էր նախորդ շաբաթ, որին մասնակցում էին նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ լիագումար նիստը համընկավ ապրիլի 24-ի հետ, և դա էր պատճառը, որ ԵԽԽՎ նախագահը չէր կարողացել ներկա գտնվել Երևանում, սակայն այլ կարևոր գործիչներ են մասնակցել Երևանում երկօրյա գլոբալ ֆորումին: 

Նաղդալյանը նշեց, թե հարյուրամյակին ընդառաջ՝ հայկական պատվիրակությունը բավական մեծ աշխատանք է կատարել՝ կազմակերպելով ցուցահանդես, ստորագրելով հայտարարություն Եվրոպայի խորհրդի պատվիրակների կողմից:

«Մեր բոլոր պատվիրակները միասնական կերպով ու ակտիվ մասնակցել են այս աշխատանքներին»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցը եղել է Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված և դրանում կոչ է արվել, որ պատվիրակներն իրենց վերաբերմունք արտահայտեն, ճանաչեն ու դատապարտեն: Ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներն էլ բավական տպավորիչ են եղել եվրոպացի պատվիրակների համար:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նիստի ժամանակ կարևորագույն ելույթներ են նաև ունեցել հայ պատվիրակները, ազատ դեբատների ժամանակ ևս աչքի են ընկել ելույթներով, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ու դատապարտմանը:

Նաղդալյանը հիշեցրեց, որ Լևոն Զուրաբյանի առաջարկով պատվիրակները ոտքի կանգնեցին ու հարգեցին զոհերի հիշատակը, որին միայն թուրք պատվիրակները չեն միացել՝ բացառությամբ մեկ թուրք պատվիրակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել