Ընկերներիցս մեկի գրած ստատուսին առնչվեցի պատահաբար, որտեղ հերթական անգամ արծարծվում էր մեր հասարակության մեջ գնալով ավելի պոպուլյար դարձող և իմ կարծիքով մի խիստ սխալ ու ոչ մի լուրջ հակափաստարկի չդիմացող մի կարծրատիպ, որը պրիմիտիվացրած եթե ներկայացնենք, ունի հետևյալ տրամաբանությունը. եթե երեխա չես կարողանում պահել (կուշտ ու կրթված), ապա մի՛ ունեցիր, և առհասարակ ինչո՞ւ են 10 երեխա բերում, եթե կիսասոված պետք ա պահեն։

Ինչու եմ ես սա համարում կարծրատիպ, ընդ որում՝ կեղծ կարծրատիպ։ Իհարկե, ոչ նրա համար, որ ես ուրախանում եմ, երբ մարդիկ անբարենպաստ կենսասոցիալական պայմաններում են ապրում և առավել ևս ոչ նրա համար, որ երեխաները ծանր մանկություն են ունենում։ Սակայն դրան զուգահեռ կարող եմ ասել, որ «կուշտ ու կրթված» երեխաները, առավել ևս եթե նրանք միակն են ընտանիքում, ոչ մի լուրջ առավելություն չունեն «սոված ու անապահով» երեխաների հանդեպ։ Չունեն ո՛չ իրավապես, ոչ էլ առավել ևս նրանում, թե ինչպես կդասավորվի կյանքը։ 

Հատկանշականն այն է, որ սովորաբար այս կարծրատիպին հարում են միանգամայն ազատական հայացքների տեր համարվող մարդիկ, մինչդեռ, իմ կարծիքով, նման սեգրեգացիան ամենաանազատականն է, որ կարող է լինել, որովհետև ստացվում է, որ լիբերալիզմի հիմնասյուն հանդիսացող «Ամեն մարդ արժեք է» թեզիսն այլասերվում է ու դառնում է «Արժեք է ամեն բարեկեցիկ մարդ»։ Հասկանո՞ւմ եք, մի տեսակ արատավորություն կա էդ տրամաբանության մեջ։ Ես հասկանում եմ, եթե մարդն ինքը 3-5-10 երեխա չի ունենում։ Ի վերջո, դա ամեն մի ընտանիքի իրավունքն ու որոշելիքն ա։ Սակայն ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են ու հեգնանքով են խոսում այնպիսի ընտանիքների մասին, ովքեր, թեկուզ ծայրաստիճան անապահով լինելով, շատ երեխաներ են ունենում։

Գուցե մի քիչ էմոցիոնալ հնչի, բայց 1-2 երեխա ունենալով ու նրանց համար ամեն ինչ անելով՝ դու, մեկ ա, ունենալու ես 1-2 երեխա, ովքեր մեծանալով, դեռ հարց է, լավ մարդ կդառնա՞ն, թե՞ ոչ։ Ի վերջո, դեռ ոչ ոք չի ապացուցել, որ լավ կրթվածությունն ու կուշտ մանկությունը բացառում են անհաջող մարդ դառնալու հավանականությունը, ճիշտ այն կերպ, ինչպես անհիմն է պնդումը, որ ցածր կենսամակարդակ ունեցող ընտանիքից սերող երեխաներն են վատ մարդ դառնում անպայմանորեն։ Ասեմ ավելին, պատմության ամենամեծ տականքներն ու սրիկաները կակ ռազ կուշտ ու բարեկեցիկ մանկություն են ունեցել իրենց ժամանակների չափորոշիչներով։ Իսկ շատ երեխա ունեցող ընտանիքն ավելի շատ շանսեր ունի, որ ավելի շատ թվով լավ մարդ ու լավ քաղաքացի կտա այս երկրին ու մարդկությանը։

Արդյունքում խնդիրը ոչ թե 10 երեխա ունենալ-չունենալու չէ, այլ կայանում է, թե ով ինչպես ու ինչպիսի մթնոլորտում է դաստիարակում այդ երեխաներին, ու ինչ արժեքներ են սերմանում նրանց մեջ, իսկ 10 երեխան միշտ ավելի լավ է, քան մեկ երեխան, թեկուզ միայն այն պատճառով, որ 9 երեխայով ավել է՝ 9 կյանքով, 9 պոտենցիալով, 9 հոգով, որոնք վաղվա օրն են։ Իսկ վաղը մյուս օր եթե պատերազմ ու վտանգ լինի, 10 հոգին, որպես կանոն, ավելի օգտակար են իրենց պետության, ժողովրդի ու ընտանիքի համար, քան 1 կուշտն ու կրթվածը։

Չգիտեմ, թե ով ինչպես, բայց ես «Ունենալու» և «Լինելու» մեջ ավելի կարևորում եմ երկրորդը, այսինքն՝ հոգեղենը, ոչ նյութականը։ Կենսամակարդակն անցողիկ ու փոփոխական բան է, իսկ սերունդը, նոր կյանքը՝ մարդու ու բոլոր կենդանի էակների գոյության իմաստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել