Tert.am-ը գրում է.

Տարբեր պետությունների ղեկավարներ ապրիլի 24-ին ժամանել էին Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու։ Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովը Pravda.ru-ի հետ զրույցում նշել է՝ ինչու է ինքը որոշել բացահայտ ընդունել այդ փաստը և արդյոք իրեն թշնամի և դավաճան չեն համարում Ադրբեջանում։

«Ես ժամանակին եղել եմ համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի անդամ և Ադրբեջանի Գրողների միության պատվավոր անդամ։ Ինձ համար հետաքրքիր էր։ Հետո երբ ես հասկացա, թե այնտեղ ինչպիսի կատաղի, բացարձակ իռացիոնալ, վայրենի, ոչ մարդկային ատելություն կա հայերի հանդեպ, նույնիսկ, կարծես թե, ամենախելացի և կրթված մարդկանց մոտ, ես հեռացա։ Երկու տարի առաջ ես իմ բլոգում գրել եմ, որ ցավակցություն եմ հայտնում հայ ժողովրդին ամբողջ մոսկվայաբնակ ադեկվատ ադրբեջանցիների անունից։ Դրանից հետո սկսվեց երկար քննարկում»,- պատմել է Բագիրովը։

Այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում հասարակ քաղաքացիները վերաբերվում այդ փաստին, գրողը պատմել է, որ Բաքվում մտավորականությունը, ցավոք, նույն կարծիքին է։ Խորհրդային շրջանում Բաքուն բազմազգ քաղաք էր, այնտեղ շատ հայեր են եղել։ Այսինքն՝ նրանք ապրել են հարևանությամբ։ Իսկ այժմ քարոզչությունն Ադրբեջանում ուղղված է հակահայկական ատելություն սերմանելուն։

Սահմաններին մշտապես լարվածություն կա, այնտեղ սպանում են մարդկանց։ Եվ ցանկացած պահի կարող է արյունալի սպանդ սկսվել, ինչպես տեղի էր ունենում Ղարաբաղում, կարծում է Բագիրովը։

Որոշ փորձագետներ վստահ են, որ այժմ պատերազմ է ընթանում համացանցում՝ այդ նպատակով հատուկ վարձված բլոգերների միջոցով։ Այս թեմայի վերաբերյալ հեղինակը նշել է, որ քարոզչությունն ընթանում է բոլոր հնարավոր միջոցներով՝ համացանցում և հեռուստացույցով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ կտրուկ է արտահայտվել այդ թեմայի շուրջ՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի ողբերգությունն էլ է։ Լրագրողը հետաքրքրվել է՝ չե՞ն փչանա դրանից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։

«Ես չէի վստահեցնի, որ դրանք եղել են դաշնակցային, իհարկե, նրանք բարեկամական են դեռևս Խորհրդային միության հին խմորիչների հաշվին, Պուտինի հեղինակության հաշվին։ Սակայն խնդիրն այն է, որ ադրբեջանցիները չունեն ռուսների նման հոգևոր մտածելակերպ։ Եվ Պուտինը, ասելով նման բաներ, քաջ գիտակցում է՝ ինչ է անում։ Քանի որ Ադրբեջանն ավելի փոքր ընկեր է մեզ, քան Հայաստանը»,- նշել է Բագիրովը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել