Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին, ինչպես նաև հետագա գործողություններին, ասաց, թե աշխարհի ուշադրությունն այս ամբողջ տարվա ընթացքում լինելու է Հայաստանը և հայ ժողովուրդը, և Հայաստանի միջոցով նաև՝ համամարդկային ցավն ու սպառնալիքները: Իսկ արտաքին քաղաքականության մեջ, ըստ նրա, պետք է զարգացնել մեր բոլոր ձեռքբերումները: 

-Պարո՛ն  Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլքսանչորսյան միջոցառումները Հայաստանում ու աշխարհում: 

-Հայոց ցեղասպանության ոգեկոչման ապրիլքսանչորսյան միջոցառումները և դրան նախորդող միջոցառումները հիմնականում ուղղված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի 4 հիմնական խորհուրդները մատնանշելուն և դրանք ի ցույց դնելուն: Դրանք են՝ հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ: Կարծում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ հայկական Սփյուռքում, աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպված լայնամասշտաբ միջոցառումները գրավեցին մարդկանց, միջազգային հանրության ուշադրությունը, ևս մեկ անգամ կարևորվեց միջազգային բոլոր տիպի հարաբերություններում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված գործընթացը, որի ամենակարճ ու օբյեկտիվ ճանապարհն է դրանց դատապարտումն ու ճանաչումը պաշտոնապես:

Հայ ժողովրդի երախտագիտության խոսքը ևս մեկ անգամ ուղղվեց բոլոր նրանց, ովքեր այս տարիներին աջակցել են ու կանգնել հայ ժողովրդի արդար դատի ու արդար պահանջների կողքին և կարծում եմ, որ ևս մեկ անգամ հայկական ինքնությանը վերածննդի հնարավորություն տվեց, վերաարժևորելու մեր անցած ճանապարհը և ապագայի համար ավելի ինքնավստահ, ամուր հիմքերով և արդեն սեփական պետության դեմքով աշխարհին ներկայանալու, ոչ թե աշխարհով մեկ սփռված տարագիր ժողովրդի նման, այլ հավաքական մեկ միավոր՝ Հայաստանի Հանրապետություն անունով, որն ունի իր արդար պահանջը և այդ պահանջը նաև միջազգային հանրության պահանջն է: Հայ ժողովուրդն իր պետական ու հասարակական բոլոր մեխանիզմներով պայքարելու է բոլոր տիպի ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման համար:

-Հետևե՞լ եք Գալիպոլիի միջոցառումներին, արդյո՞ք դրանք կարողացան ստվերել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցից: 

-Հետևել եմ միջազգային մամուլի էջերին էլեկտրոնային տարբերակով և պետք է ասեմ, որ ըստ էության, Գալիպոլին որևէ մեկին չհետաքրքրող միջոցառում էր: Առաջադեմ, բարեկիրթ ու քաղաքակիրթ մարդկությունը շատ լավ տարանջատում է մեկը մյուսից՝ Գալիպոլիի շղարշը, արհեստական տոնահանդես և մարդկության ցավը: Իսկ մնացած շոուն, որ Թուրքիան փորձեց կազմակերպել, կարծում եմ, որ ինչպես Էրդողանն էր ասել՝ իրենք իրենցով հավաքվել ու ինչ-որ տոնակատարություններ են նշել:

-Կարո՞ղ ենք ասել, որ աշխարհի ուշադրությունը Հայաստանն էր ու հայկական հարցը: 

-Աշխարհի ուշադրությունն այս ամբողջ տարվա ընթացքում լինելու է Հայաստանը և հայ ժողովուրդը, և Հայաստանի միջոցով նաև՝ համամարդկային ցավն ու սպառնալիքները: Եթե քաղաքականությունը, բարոյականությունը և միջազգային իրավունքը ճիշտ համադրվեն, ապա դրանից մարդկությունը միայն կշահի: Ես ուրախ եմ, որ Գերմանիան կարողանում է իր մեջ երկրորդ անգամ ուժ գտնել ու խոսել պատմության ընթացքում գործած չարիքի մասին, որովհետև մի անգամ ուժ գտել է ու խոսել է Հոլոքոստի մասին: Հենց Գերմանիայի օրինակն է, որ մարդկությանը պետք է բերի խաղաղ ու համերաշխ գոյակցության:

-Ապրիլի 25-ից սկսած ի՞նչ է փոխվում, ինչի՞ն ավելի շատ պետք է ուղղված լինեն մեր ուշադրությունն ու ջանքերը: 

-Առաջին հերթին մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք Հայաստանի Հանրապետության վրա և մեր պետության ինստիտուտների, մեր ժողովրդի, մեր ներքին հիմնախնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականության մեջ պետք է զարգացնենք մեր բոլոր ձեռքբերումները և պետք է կարողանանք հետևողական լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի բոլոր հարցերի նկատմամբ: Իսկ դրա համար մենք ունենք բավարար հիմք և քաղաքական մեծ պոտենցիալ՝ շնորհիվ երկրի Նախագահի կողմից վարվող ճիշտ ու նպատակային քաղաքականության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել