Երբ մենք ըմբռնումով գրում ենք, թե այս կամ այն երկրի այս կամ այն քաղաքական առաջնորդը Ցեղասպանություն բառն ասել-չասելիս առաջորդվում է իր պետական շահով, մենք համաձայնվում ենք, որ.

ա) պետական շահը բարձր է համամարդկային շահերից,

բ) անբարոյականությունը կարող է միշտ առաջորդվել պետական շահերով կամ այդ շահերի սեփական ըմբռնումով,

գ) այդպես եղել է վաղուց, և հենց դրա դեմ են ստեղծվել միջազգային օրենքերը, դրա դեմ են ստեղծվում միությունները՝ ՄԱԿ, Եվրոպական խորհուրդ և միություն, ԵԱՀԿ, Եվրասիական...

Դրանց շուրջը միավորվել են պետություններ, որոնք ընդունել են, որ կան պետական մասնավոր շահերից վեր իդեալներ՝ համամարդկային շահեր, որոնք շրջանցելու դեպքում կարող են կործանվել և իսկապես կործանվում են համամարդկային ձեռքբերումերը:

Վերջ ի վերջո կեղծ կամ իրական՝ արդար-անարդար պատերազմների, լոկալ կռիվների, այս կամ այն երկրի նկատմամբ պատժիչ գործողությունների ողջ տրամաբանությունը խարսխված է հենց համամարդկային շահերի հռետորաբանության վրա: Այս կամ միջազգային համաձայնագրին միացող պետությունները երեխաներ և մանկամիտներ չեն, միանալիս հասկանում են, գիտեն, որ պարտավորություններ են ստանձում, որոնք միշտ չէ, որ պիտի բխեն իրենց պետության շահերից կամ դրա՝ ներկա պահի իրենց ըմբռնումից: Միջազգային համաձայնագրերի ողջ տրամաբանությունն այն է, որ դրանք պաշտպանում են կամ կարգավորում են կոկրետ պետության կոնկրետ շահերից ավելի կարևոր կամ վեհ գաղափարներ կամ կարգավորում են դրանցից վեր ավելի կարևոր խնդիրներ: Այս իմաստով Ցեղասպանությունն ընդունող երկրներն իրենց հերթին ընդունել են կատարված հանցագործության փաստը, գիտեն, ճանաչում են հանցագործին, բայց «ձեռքերը ծալած» սպասում են... հավանաբար նոր հանցագործությունների: Որովհետև բոլորը խոսում են և հիանալի հասկանում են, որ չպատժված հանցագործությունը համարյա բացառապես միշտ նոր հանցագործություններ է ծնելու: Հատկապես՝ ՄԱԿ–ը: Որի անդամ է կոնկրետ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան: Այն ՄԱԿ-ը, որն էլ ընդունել է Ցեղասպանության դեմ միջազգայնագիրը: Օրենք է ընդունել սարսափելի հանցագործության մասին, գիտե օրենքը խախտողին՝ հանցագործ պետությանը, գիտե զոհին, բայց ոչինչ... Այս նույն տրամաբանությամբ մենք պետք է ըմբռնումով մոտենանք, օրինակ, Հայաստանում այս կամ այն անհատի կամ կլանի շահերը կարգավորող գործողություններին, այդ թվում՝ այնպիսի հանցագործության, ինչպիսին մարդասպանությունն է: Գիտակցված ցանկացած մարդասպանություն նույնպես բխում է մարդասպանի կամ այն պատվիրողի կոնկրետ շահերից, և սպանելով՝ մարդասպանը խնդիր է լուծում: Ի՛ր խնդիրը: Երկրներն էլ ներպետական օրենքներ են ընդունում, որով հասարակական շահը կարևորում են անհատի շահերից, կոնկրետ դեպքում՝ ապրելու իրավունքը կոնկրետ մարդու կամ կլանի շահից: Բայց քանի դեռ մենք ըմբռնումով գրում, քննարկում և խոսում ենք այն մասին, որ այս կամ այն երկիրը Թուրքիայի հետ իր հարաբերությունները չի զոհաբերի համամարդկային անհրաժեշտության խնդիրներին. մենք արտոնում ենք նրանց այդպես էլ վարվել, ճիշտ այնպես էլ մենք արտոնում ենք մեր երկրի ներսում անհատի և կլանի շահերով պայմանավորված հանցագործությունները: 
Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրները հայերին լավություն չեն արել, նրանք միայն միջազգային օրենքի կիրառման առաջին՝ նվազագույն քայլն են արել, որին վաղուց արդեն անհրաժեշտաբար պիտի հաջորդեին մյուսները՝ հանցագործին պատժելը և զոհի իրավունքները վերականգնելը: Քանի դեռ այդ քայլերը չեն արվել, սույն երկրները դեռևս միջազգային օրենքի կիրարկմանը չեն հասել: Ինչով փաստվում է, որ վերը հիշված միջազգային կառույցներն ընդամենը մասնավոր շահերի ակումբներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել