Soghomon TehleryanԵզակի մարդիկ են երջանիկ եղել։ Մեկը մեր Սողոմոն Թեհլերյանն է, մյուսին՝ Սիզիփոսին, Ալբեր Կամյուն գտել է ստվերների աշխարհում։ Երրորդը, հավանաբար, Դիոգենեսն էր։ Երջանկության զգացումը անշրջելի, ամփոփված բավարարվածության մեջ է՝ սպանեցի Թալեաթին, երջանիկ եմ։

Իմ երեխայի սահուն կյանքն ինձ չի երջանկացնի, ես հո գիտեմ, որ կյանքն անակնկալներով է հարուստ։ Երեխան վաղը կարող է ծանր հիվանդանալ։ Այս հիվանդությունն ունայնության զգացում չի կարող առաջացնել, որովհետև դրա մեջ անուղղելի մի բան կա։ Թալեաթի սպանությունը պիտի որ առաջացներ այդ զգացումը՝ իմ՝ Թեհլերյանիս, ինչի՞ն էր պետք։ Բայց այս երկուսն իրար «դեմքով» չգիտեն։ Եվ չեն իմանալու։

Իր բնությամբ երջանկությունն ունայնություն չգիտի։ Ինչպես կատարված ինքնասպանությունը չի սրբագրվում, այնպես էլ՝ երջանկության զգացումը։ Ունայնությունը կա այն ամենում, որում դու շարունակվում ես՝ գնեցի մի քանի դղյակ, ունայն է, որովհետև ավերիչ երկրաշարժն, օրինակ, բացառված չէ, դու՝ այդ դղյակներիդ տերը, երկրաշարժի վրա իշխանություն չունես։ Կամ կարող ես «հիվանդանալ» ավելի լավ դղյակով։ Այնպես որ ձեռքիդ տակ եղած դղյակով ինքն իրենով ուրախությունն ամփոփ չէ։ Դրա հաջորդ օրը կարող ես արթնանալ բերանի տհաճ համով, սիրելի բարեկամդ կամ հենց դու կարող եք գետից նույնիսկ թաց դուրս չգալ։ Երջանկության զգացումը չպետք է այլ էմոցիաներին որպես մրցակից ունենալ, ինքն ինքնաբավ է նույնիսկ եթե աշխարհը փլվի գլխիդ։ Ինքն իր աչքին պետք է անվիճարկելի լինի։ Ահա թե ինչու վրեժի զգացումը երջանկության «դասագրքի» լավագույն օրինակն է։

Երջանկության զգացումը պահանջում է, որ դու ավարտվես իր «վրա»։ Հետագա ոչ մի փորձություն կամ պատիժ չի կարող հաշմել նրան, ինքը պիտի իշխի իր ամփոփվածությամբ շարունակելիի վրա։ Կամյուն Սիզիփոսի երջանկության թիկունքում չի տեսնում նրա «ինադը» Զևսի հանդեպ։ Առանց իր մեջ մի հզոր աստվածություն ոչնչացնելու, որով հնարավոր չէ նույնիսկ մահը, Սիզիփոսը չի կարող երջանիկ լինել։ Ժայռը, որը նա փորձում է հասցնել Լեռան գագաթը, հենց Զևսն է։ Այստեղից միջանկյալ հետևություն՝ երջանկությունը խմբակային չի լինում, այն առանց զոհի կամ «զոհաբերության» հնարավոր չէ։ Երջանկությունը որևէ աստվածության չի խոնարհվում, քանի որ հենց աստվածությունը տապալելու բավարարվածությունն է։ Սիզիփոսը պատասխանատվության զգացում ունի, Հադեսում ինքը պատասխանատու է, Սողոմոնը պատասխանատու չէ, որովհետև կրակելուց առաջ նա դեռ կարող է հարցնել՝ որ ի՞նչ։

Երջանկությունը լինում է առանց պատասխանատվության, այլապես դա ի՞նչ երջանկություն է։ Կայենն, այո, կարող է սպանել պայմանով, եթե Աստված չկա։ Սողոմոն Թեհլերյանն սկզբում սպանեց Աստծուն, հետո կրակեց։ Որպեսզի երջանիկ լինի։ Նա գիտի, որ չի կարող թույլ տալ Թալեաթի գոյությունը։ Նա այդ մտքով տարված է, ինչպես բանաստեղծությամբ են լցված, ինչպես Աուստեռլիցի արևն է բացվում ռազմադաշտում, որը կողմերից մեկի համար «մահացու» է։ Որովհետև երկու հոգի միաժամանակ երջանիկ չեն լինում, մեկը միշտ զոհ է։ Առանց զոհի հնարավոր չէ երջանիկ լինել, այլ խոսքով՝ մինչև Աստծո վրա խաչ չքաշես, երջանիկ չես լինի։ Աստծո ներկայությունը խանգարում է, ինքն անմիջապես կհիշեցնի շարունակությունը, իսկ շարունակությունը հագեցած է ունայնության զգացումով։ Ունայնությունը շարունակության ծուղակն է։

Տեսակետ կա, որ ունայնությունը նահանջում է սիրո առաջ։ Բայց սերը երջանկացնում է, եթե ինքն ամեն ինչում կա, այսինքն, եթե մարդն անընդհատ նրա մեջ է։ Մարդը պետք է մեռնի սիրո մեջ, ինքը չպետք է քննի սերը, մարդը պետք է ավարտվի իր լավագույն էմոցիաների մեջ, որպեսզի ունայնությունը հետևից չհասցնի։ Ինքը մնացած կյանքի ժամանակ չպետք է ունենա, մնացած կյանքը նույնպես պետք է լինի սերը։ Թալեաթի գլխին արձակված փամփուշտը միայն այդ պահին արձակված փամփուշտը չէ, այլ Թեհլերյանի մնացած կյանքը փամփուշտը։ Սողոմոն Թեհլերյանն ավարտվեց կրակոցով։ Իր կյանքի հետագա ոչ մի ակնթարթը չի կարող իշխել այդ կրակոցի վրա ու սխալ հանել Թեհլերյանին։ Որ պահից ինքը հասկացավ, որ սխալվել է, պետք է կրակի իր ճակատին։ Թեհլերյանին դա տրված չէր, երջանկությունն ընթացիկ չի լինում. Ընթացիկ նշանակում է կանգառներ տեսնել։ Թեհլերյանն ավարտված էր «Աստծո» մեջ։ Մարդը կարող է երջանիկ լինել միայն Աստծո մեջ, երբ ունայնությունն արդեն հենց Աստծո ձայնն է։ Կամյուն Սիզիփոսին Աստծուց դուրս տեսավ երջանիկ, որովհետև ժայռին մատնված շրջապտույտի մեջ, որտեղ Աստված չկա, Սիզիփոսը քայլ առ քայլ լուծվում է իր ժայռին, օտարվում դատապարտվածությունից։ Սիզիփոսին տրված չէ ունայնության զգացումը, քանի որ ինքն անավարտ է նպատակի՝ այսինքն, Լեռան Գագաթը տեսնելու մեջ։ Ունայնությունն Աստծո «հյուպատոսն» է մեր էության մեջ, ինքը բոլոր այն զգացումների հետ է, որոնք իրենք իրենցով են, որոնք հնարավոր չէ լցնել մեզանով, որոնք չեն ամբողացնում մեզ։ Ունայնությունը գալիս է ասելու՝ փորձեք նորից։ Աստծո մեջ ունայնությունն այլևս խորհրդատու չէ, քանի որ այն ըստ էության մեր «վրա» հատիկ առ հատիկ հավաքում է Աստծուն։

Մհեր Արշակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել