Մենք բոլորս թոռնիկներ ենք: Ավելին` երեխաներ: Ինչպե՞ս: Գնանք հետ` հարյուր տարի առաջ, անցնենք Արաքս գետը եւ տեսնենք այնտեղ ապրող երեխաներին:
Մեզնից շատերը սերում են հենց այդ երեխաների մանկությունից: Ընդհատված մանկությունից: Դարեդար փոխանցվող օրինաչափությունը 
ինչ-որ պահից ուղղակի ընդհատվել է եւ գերդաստանների կրտսեր սերունդները` մեծ մասամբ մանկահաս երեխաներ, դարձել իրենց ընտանիքի միակ շարունակողները: Փոքրիկ, սոված, նվաղած ու հյուծված շարունակողները: Մեզնից շատերը հենց այդ սոված ու տանջված երեխաների ժառանգներն են:
Երբ մտածեցի այս մասին հերթական անգամ թեյ պատրաստելիս,  մտքովս եկավ մի միտք եւս: Եթե մենք կրողներն ենք մեր նախնիների անավարտ մանկության, միգուցե արժե շարունակել այդ մանկությունը: Կենսախինդ, ուրախ եւ անհոգ մանկությունը: Միգուցե արդեն ժամանա՞կն է, որ ամեն ինչ գա իր օրինաչափությանը:
Ինձ թվում է, որ ժամանակն է: Ժամանակն է, որ կարողանանք ինքներս մեզ եւ ողջ աշխարհին պարտադրել մեր խաղաղությունը, անհոգությունը եւ մանկությունը լիարժեք ապրելու իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել