ԹԵ ԻՆՉՊԵՍ ՋԱԽՋԱԽՎԵՑԻՆ ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ  ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ

Hayzinvor.am-ը գրում է.

2015թ. հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 24-ը հայտարարեց Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների օր եւ այդ արարողություններին մասնակցելու հրավեր ուղարկեց աշխարհի ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Թուրքական հերթական դիվանագիտական աճպարարությունը միջազգային հանրությունը տարբեր կերպ ընդունեց եւ մեկնաբանեց:

 

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ խնդրեցինք ամփոփ տեղեկատվություն տրամադրել թուրքերի համար այդքան նշանավոր համարվող Գալիպոլիի ճակատամարտի մասին:

Առաջին աշխարհամարտի նշանավոր ճակատամարտերից մեկը կարելի է Գալիպոլիի ճակատամարտը համարել, որը հայտնի է նաեւ Դարդանելի օպերացիա անվամբ: Ճակատամարտն սկսվել է 1915թ փետրվարի 19-ին և շարունակվել մինչև 1916թ. հունվար: Անտանտի ռազմաքաղաքական դաշինքի երկրների զինված ուժերը նպատակ ունեին վերահսկողություն հաստատելու ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունեցող Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա:

Այս գործողությունը նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայի ծովային նախարար Ուինսթոն Չերչիլը: Ըստ նրա ծրագրի՝ Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների գրավումով ապահովվում էր դաշնակցային զորքերի մուտքը Կոստանդնուպոլիս: Եթե դաշնակիցներին հաջողվեր իրականացնել իրենց ծրագրերը, ապա պատերազմից դուրս կբերեին Թուրքիային: Երկրորդ նպատակը ռուսներին Բոսֆորի, Դարդանելի նեղուցներին տիրելու հնարավորությունից զրկելն էր: Ցարական Ռուսաստանը վաղուց էր նպատակադրվել տիրանալու այդ նեղուցներին, ինչին քաջատեղյակ էին նրա դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան:

Ռազմական գործողությունների մյուս կողմում Օսմանյան Թուրքիան եւ Գերմանիան էին: Քանի որ Թուրքիան վերջինիս գլխավորած ռազմաքաղաքական խմբավորման կազմում էր, ուստի Գերմանիային ձեռնտու չէր Թուրքիայի ջախջախումը, որին աջակցում էին գերմանական գեներալներ ու բազմաթիվ սպաներ՝ որպես թուրքական բանակի խորհրդականներ մասնակցելով այդ ճակատամարտին:

Թուրքական զինուժը Գերմանիայի գործուն աջակցությամբ կարողանում է համառ դիմադրություն ցույց տալ ու փլուզել դաշնակիցների ծրագրերը:

Եվ ահա ճակատամարտից 100 տարի անց թուրքական կառավարությունը ուզում է մեծ շուքով ու հանդիսությամբ նշել այդ ճակատամարտի հաղթանակը, բայցեւ ավելորդ չէր լինի թարմացնել Էրդողանի և թուրք ժողովրդի հիշողությունը:

1918 թ. մայիսյան հերոսամարտերի ժամանակ թուրքական զորքերի հրամանատարը իր իսկ գովերգած Գալիպոլիի ճակատամարտի մասնակից Վեհիբ փաշան էր: Ընդդեմ հայկական զորամասերի Սարդարապատի ճակատամարտում կռվում էր Գալիպոլիի 36-րդ դիվիզիան, իսկ Բաշ-Ապարանի ճակատամարտում՝ Դարդանելի մարտական գործողությունների մասնակից գեներալ-լեյտենանտ Էսադ Փաշայի գլխավորած 9-րդ դիվիզիան: Եվ ինչպես հայտնի է մայիսյան ճակատամարտերի պատմությունից, Գալիպոլիի ու հետագա կռիվներում մարտական նշանակալի փորձառություն ձեռք բերած 36-րդ և 9-րդ թուրքական դիվիզիանները Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերում ջախջախիչ պարտություն կրեցին գեներալ Սիլիկյանի և Դրոյի գլխավորած հայկական զորամասերից:

Պատմական տվյալ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր չափազանց ծանր, թվում է՝ անելանելի կացության մեջ (մի կողմից թուրքական զորքերի հարձակումը, մյուս կողմից Արարատյան աշխարհի թուրք բնակչության հրոսակախմբերի զինված ելույթները, գաղթականություն, երկրում տիրող սովն ու տիֆի համաճարակը), անգամ այս պայմաններում եղեռնի ահավոր սարսափներն ապրած և հայրենիքի մեծագույն մասը կորցրած Արարատյան աշխարհում խմբված հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ կազմավորելու կանոնավոր զորամասեր և հաղթելու Էրդողանի գովերգած Գալիպոլիի ճակատամարտի մասնակից թուրքական «փառապանծ» դիվիզիաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել