Տարեցտարի Թուրքիայում ավելանում են այն մարդկանց թիվը, ովքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրում հայ ժողովրդից: Եվ ակնահայտ է, որ այդ մարդիկ Թուրքիայի առաջադեմ և հանդուրժող հասարակության ապագան են կերտելու, և այս տեսլականը հույս է ներշնչում, որ ապագայում հասարակությունների մակարդակով հնարավոր է լինելու քաղաքակիրթ երկխոսություն հայ և թուրք ժողովուրդների միջև: Ինքս Ստամբուլում ներկա եմ գտնվել Հրանտ Դինքի հուղարկավորությանը, որտեղ միլիոնավոր մարդիկ գոռում էին՝ «Մենք բոլորս Հրանտ ենք», «Մենք բոլորս հայ ենք» և պետք է նշեմ, որ նրանցից շատերն անկեղծ էին: Այդ օրերին հանդիպել եմ նաև թուրք մտավորականների և գործարարների հետ, ովքեր տանել չէին կարողանում Էրդողանի իշխանությունը և նրա վարած քաղաքականությունը և վստահեցնում էին ինձ, որ գալու է այն օրը, երբ իրենք թոթափելու են Էրդողանի լուծը և կերտելու են առավել ժողովրդավարական և հանդուրժող Թուրքիա: Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը և Թուրքիան հարևան պետություններ են և վաղ թե ուշ պետք է փորձեն բարելավել հարաբերությունները և կառուցեն պետական մակարդակի հարաբերություններ, քանզի նման լարված իրավիճակը խանգարում է և՛ Հայաստանի և՛ Թուրքիայի բնականոն զարգացմանը: Հայաստանի հասարակությունը անհամեմատ առաջադեմ է, իսկ մեր իշխանությունները առավել ժողովրդավարական: Հերթը Թուրքիայի ժողովրդինն է, և նրանք պետք է որոշեն, թե ինչպիսի Թուրքիայում են ցանկանում ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել