Tert.am-ը գրում է.

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հետևել էր Թուրքիայում իրականացված Գալիպոլիի միջոցառումներին, որոնք նպատակ ունեին ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, և եզրակացրել՝ «անբովանդակ, անասելիք  տոնակատարություն»։ Նրա խոսքով, ի տարբերություն Գալիպոլիի, Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունով ու այս ապրիլի 24-ով աշխարհում առավել ամրացավ Թուրքիայի վրա ցեղասպանի ու հանցագործի պիտակը։ «Դա ջնջելը, թերևս, Թուրքիայի համար դժվար կլինի, եթե չասեմ անհնար՝ ցանկացած մեծության փողով»,-ասաց նա։

-Պարո՛ն Սաֆարյան, ապրիլի 24-ին զուգահեռ տեղի ունեցավ  Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և Թուրքիայում՝  Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայի նախնական նպատակը կարելի՞ է  ասել հաջողվեց, այն է՝ ստվերել հայոց նահատակների ոգեկոչման օրը։


-Քանի որ միաժամանակ հետևել եմ թե՛ Ցեղասպանության, թե՛ Գալիպոլիի միջոցառումներին, կարող եմ վստահաբար ասել, որ Գալիպոլին ուղղակի անբովանդակ, անասելիք  տոնակատարություն էր, որը չափազանց նկատելի էր՝ ինչ-որ խմբերի  կողմից մատուցվող խղճուկ, կրկեսային բեմադրություններ և այլն։ Թերևս միակ բանը, որ կարող էր տպավորություն թողնել, դա ինքնաթիռների ցուցադրական սավառնումն էր օդում, բայց միաժամանակ, այն ուղերձը, որ իբր թե Գալիպոլիի  տոնակատարությունը կոչված էր ուղղել աշխարհին, հենց դրանով էլ մթագնում էր, որովհետև Թուրքիան ավելի շատ ռազմական ուժ ու ատամներ էր ցուցադրում՝ մի կողմ թողած այդ կլոունադա հիշեցնող մանկապարտեզային միջոցառումների երգն ու պարը։ Հետևաբար, հստակ կարելի է ասել, որ տապալված միջոցառում էր։ Ի դեպ, դա նկատելի էր նաև էրդողանի դեմքից, ով շատ մտահոգ էր ամբողջ հանդիսության ընթացքում և նա գիտեր, որ որքան էլ թուրքական մամուլում, կամ մի քանի միջազգային մամուլում գրվում էր թե Թուրքիան և աշխարհի առաջնորդները նշում են Գալիպոլիի միջոցառումները, այնուամենայնիվ այնտեղ աշխարհի առաջնորդներից որևէ մեկը չկար, անգամ արքայազն Չարլզին դժվար է համարել Անգլիայի առաջնորդ, որովհետև նա ընդամենը արքայազն է և  նույնիսկ թագավոր էլ չէ։ Իսկ բացումը. որ կատարեցին  Էրդողանը և Չարլզը արդեն ամեն ինչ ասում էր, որ Էրդողանի ամենապատվավոր հյուրը Ալիևն էր, դրան էլ գումարած աշխարհի մի շարք, տխրահռչակ երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Ադրբեջանի ղեկավարը, որոնք պատիվ չեն բերում։


-Իսկ եթե զուգահեռներ տանենք Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառմանը։


-Երևանում տեղի ունեցած միջոցառումները չտեսնված մի բան էր, ամեն ինչ իսկապես բարձր ճաշակով էր՝ առանց ավելորդությունների և ոչ միայն ապրիլի 24-ի  բուն միջոցառումը, այլ դրան նախորդած միջոցառումներին ուղղակի վերին աստիճանի թիրախային ու ճաշակով էին։ Պատահական չէ, որ Հայաստանը, որը որևէ հոդված չի պատվիրում և որևէ սադրանքի չի գնում՝ ինչպես Թուրքիան, այս օրերն ուղղակի չի իջնում  համաշխարհային մամուլի էջերից։ Այս օրերին ուղղակի անթիվ-անհամար է անդրադաձները, ու իսկապես Հայաստանը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում և Էրդողանի անկումային տրամադրությունը դրանով էր պայմանավորված, ով տեսնում է, որ ամեն ինչ չի, որ փողով կամ ռազմական հզորությամբ է որոշվում։ Երևանյան միջոցառումները նույնիսկ մեղք էլ է համետել Գալիպոլլի միջոցառման հետ, որովհետև դրանք և՛ խորություն ունեին, և՛ բովանդակություն, և՛  չափազանց արժանապատիվ վիշտ էր կրում հայ ժողովուրդը։ Դրան զուգահեռ աշխարհի բազում երկրներում՝ Լիբանան, ԱՄՆ, Եվրոպական այլ  մայրաքաղաքներ՝ Վիաեննա, Բեռլին, Փարիզ և այլն բոլոր տեղերում ուղղակի աշխարհը իսկապես  համերաշխություն էր հայտնում, և ոչ միայն մեր աշխարհասփյուռ հայությունը, այլ աշխարհն ինքը։


-Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների ցանկությունն էր այդ միջոցառումներից աշխարհի ուշադրությունը շեղել։ Ըստ ձեզ, որքանո՞վ դա նրանց հաջողվեց։


-Գիտեք, երկակի դրսևորում նկատվեց. մի կողմից Գալիպոլիի միջոցառումներում Թուրքիան ճիշտ հակառակը՝ ավելի մեծ ուշադրություն սևեռեց Հայոց ցեղասպանության միջոցառումների վրա, տեղափոխելով իր միջոցառման անցկացման օրը, ամեն ինչը քաղաքականացնելով, աշխարհի վրա մատ թափ տալով ու աշխարհի բոլոր երկրներին համոզելով։ Այս առումով պարադոքսալ չհնչի, բայց Գալիպոլին աշխատեց ապրիլի 24-ի թեմայի, ոչ թե Հայաստանի, այլ օրվա թեմատիկայի վրա ուշադրություն հրավիրելու օգտին։ Մյուս կողմից էլ հանուն արդարության պետք է ասել, որ Գալիպոլիի միջոցառումներով Թուրքիան աշխարհի շատ երկրներին դրեց մի փոքր դժվարին վիճակի մեջ՝ գալ Հայաստա՞ն, թե՞ գալ Թուրքիա։ Եվ ի վերջո շատերի համար չեզոքությունը մնում էր լավագույն լուծումը՝ հաշվի առնելով իրենց երկրի և Թուրքիայի հարաբերությունները և այն չվատթարացնելու ցանկությունը։ Այս իմաստով ընդունենք ճշմարտությունը, որ էրդողանը ինչ-որ արդյունքի հասավ և, գուցե, ճիշտ էր հաշվարկել, բայց գլոբալ առումով, իհարկե, աշխարհի կողմից այս ապրիլի 24-ն առավել ամրացրեց Թուրքիայի վրա ցեղասպանի ու հանցագործի պիտակը և թերևս  դա ջնջելը դժվար կլինի, եթե չասեմ անհնար՝ ցանկացած մեծության փողով։


- Բայց Թուրքիան ամեն կերպ դիմադրում է, որի օրինակներից է նաև Օբամայի վրա բանեցրած ճնշումը։


- Թուրքիան, իհարկե, չի պարտվել այս ճակատամարտում, սա մեծ, գլոբալ պրոցես է, որտեղ մենք պետք է հասկանանք, թե աշխատանքի ինչ ձևերն են ավելի շատ արդյունք տալիս, մենք դա տեսանք և սա մեզ համար  մեծ լուջ փորձառություն էր՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անենք, և ճիշտ հակառակը, ինչ չպետք է անել։ Իհարկե, և՛ նեղվելու կարիք կա, և՛ անհարկի նեղվելու կարիք չկա, և մենք նոր չպետք է հասկանաք, որ հայկական կարողությունները Թուրքային համարժեք չեն, կամ նոր միայն հասկացանք, թե ինչքան կարող ենք հզոր լինել, բայց չհասկանալ, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ իրավիճակն արտացոլվում է  քաղաքական իրավիճակներում։ Պետք է նաև հասկանանք, թե որոնք են այն փոքր ռեսուրսներ պահանջող քայլերը, որոնք արդյունք են և այդ փորձն արդեն ունենք։ Իհարկե, Թուրքիան դեռ կարողանում է հակազդել, դեռ կկարողանա որոշ բանաձևերի ընդունումներ հետաձգել ու որոշ ելույթներ հետաձգել ժամանակի մեջ, բայց 100 տարի մենք դիմացել ենք և չպետք է նման հարցերը դառնան հիասթափության լուրջ հիմք։  


-Պարո՛ն Սաֆարյան, եթե մինչև հիմա գիտեինք միջոցառումների հաջորդականությունը, որն ինչպես ասում եք բավական հաջող էր, իսկ ինչ պետք  է անենք հետո, այսինքն՝ ապրիլի 25-ից հետո։


-Իրավացի եք, հիմա թերևս ժամանակն է հասկանալու, որ քաղաքականությունը դա միայն  հանդիսություններ, միջոցառումներ ու տոնակատարություններ չեն, դրանք լավագույն դեպքում իրազեկման ակցիաներ են և հանրային ուշադրություն գրավելու միջոց են։ Շատ ավելի կարևոր է ունենալ իսկապես քայլերի հաջորդականություն, թե ինչ ենք անելու, մենք առաջիկայում ունենք բազում կարևոր պահեր, որոնց ժամանակ որոշումներ պետք է ընդունվեն, ինչպես օրինակ՝  Բունդեսթագի առաջիկայում սպասվող որոշումը։ Մենք պետք է հասկանանք, ինչպես  մոբիլիզացնել մեր ջանքերն այս ուղղությամբ, հասկանանք ինչ քայլերի միջոցով ենք հասնում ի վերջո Թուրքիայի կողմից սահմանի բացմանը, առանց նախապայմանների ու անգամ արձանագրություններին վերադառնալու, ի վերջո կարելի է հասունացնել այնպիսի իրավիճակ, որը Թուրքիան կստիպի վճարել փոքր գին, քան թե ինքը կվճարի դա չանելքու դեպքում։ Այս առումով տիտանական աշխատանք է պետք, սառը դատելու ու առումով։


-Իսկ այդ ներուժն ունե՞նք։ 


-Իհարկե ունենք, ասել, որ հայ ժողովուրդը չունի արժանավոր զավակներ, ովքեր ունակ են այդ ամենն անելու, սխալ կլինի, պետք է ցանկություն լինի, գիտակցումը լինի և  դրա պատվերը լինի իշխանության կողմից, պետք է լինի հետազոտական կենտրոնների, փորձագետների միջոցով։ Տնայնագործական մակարդակով խնդիրներին մոտենալը ժամանակով հաջողություն կարող է ապահովել, բայց ոչ երբեք երկարատև, մենք պետք է թույլ չտանք, այն սխալները, երբ թույլ տվեցինք արձանագրությունների նախապատրաստման փուլում և հետո չհայտնվենք ետ քայլ անելու կամ առաջ քայլ անելու դժվարությունների առջև, մենք պետք է այդքան  հաջող քայլեր անենք, որ մենք  մեր քայլերից երբեք հետ չգնանք, Թուրքան թող հետ գնա, բայց ոչ մենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել