Հիմա НТВ-ով «Սպի» գեղարվեստական ֆիլմն է: Ցավոք չեմ կարողանում դիտել, որպեսզի լիարժեք պատկերացում կազմեմ և կարծիք հայտնեմ, բայց ընկերոջս հետ այսօր մի փոքր քննարկում արեցինք թուրք ռեժիսորի այս ֆիլմի մասին (Ընկերս ներկա է եղել ֆիլմի Հայաստանյան փակ դիտմանը և նրա կարծիքը հեղինակավոր է ինձ համար): Եկա այն եզրահանգմանը, որ, եթե անգամ ֆիլմում արծարծվում են որոշ դրվագներ Ցեղասպանության մասին, ամեն դեպքում ֆիլմում գերիշխում է թուրքական այսօրվա քաղաքականության ուրույն գիծը... այո ջարդեր եղել են, բայց ոչ պետության ուղղորդմամբ: Ըստ ֆիլմի ռեժիսորի, ֆիլմի հիմնական նպատակը թուրքիայի հասարակության մեջ երկխոսության դրդումն է Հայոց ցեղասպանության շուրջ: Բան չունեմ ասելու, գուցե, որպեսզի Թուրքիայում ֆիլմը ցուցադրվի, ապա անհրաժեշտ է բավականին նուրբ մոտենալ պատմական դրվագները նկարահանելուց, բայց հայ հանդիսատեսն էլ, հատկապես երիտասարդները պիտի չոգևորվեն ամեն անգամ, երբ ցեղասպանության մասին ֆիլմ են դիտում: Շատ ավելի կարևոր է հասկանալ տողատակերը: Անկախ ամենից ֆիլմը նկարահանվել է, գուցեև ընդհանուր գործին մի օր օգուտ կբերի, բայց Ռասել Քրոուի վերջին ֆիլմի նման, որ ևս հպանցիկ էր մոտեցել պատմական փաստերին ու դեպքերի ընթացքը այլ լույսի ներքո էր ներկայացրել, Սպին ևս ավելի շատ մարտաֆիլմ է քան պատմական փաստերի ճիշտ վերծանում: Հուսով եմ, որ մի օր ես էլ կդիտեմ այն և բացի գեղարվեստական արժեքից նաև կգնահատեմ պատմական արժեքը արդեն որպես հանդիսատես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել