Tert.am-ը գրում է.

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ  ՌԴ Նախագահի ու խոսնակի մակարդակով Ծիծեռնակաբերդում ու Գալիպոլիում ներկայացվածությանն ու նկատեց. «Փաստորեն, ՌԴ երկու բարձրագույն պաշտոնատար անձինք միաժամանակ մասնակցում են իրենց քաղաքական իմաստով ու բովանդակությամբ հակոտնյա պետական միջոցառումների»:  Հայաստանի ԵՏՄ գործընկերների Բելառուսի ու Ղազախստանի բարձ մակարդակով չներկայացվածությունն էլ, ըստ Արման Մելիքյանի, ԵՏՄ-ի հանդեպ Թուրքիայում ընդհանուր դրական վերաբերմունք ձևավորելու միտում ունի:

-ՌԴ Նախագահի այցելությունը Հայաստան որքանո՞վ է կարևոր ՀՀ-ի համար, որքանով` հենց ՌԴ-ի,  հաշվի առնելով, որ այստեղ Վլադիմիր Պուտինը  Օլանդի հետ քննարկելու է «Միստրալների» հարցը: Ի վերջո, Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է, և սա որքանո՞վ է ՀՀ-ին դիվիդենտներ տալիս հենց ԵՏՄ ներսում:

-Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում մեր ներքաղաքական և միջազգային օրակարգի թիվ մեկ հարցն այն էր, թե արդյո՞ք ՌԴ Նախագահ Պուտինը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում ու կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Այժմ այդ հարցի պատասխանը տրվել է՝ Վլադիմիր Պուտինը եկավ և Երևանում նաև առանձին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հետ:  Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունն էլ մասնակցեց Թուրքիայի կողմից Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի պաշտոնական Անկարայի կազմակերպած տոնակատարություններին: Փաստորեն,  ՌԴ երկու բարձրագույն պաշտոնատար անձինք միաժամանակ մասնակցեցին իրենց քաղաքական իմաստով ու բովանդակությամբ  հակոտնյա պետական միջոցառումների՝ համապատասխանաբար Հայաստանում և Թուրքիայում:

Առաջին հայացքից՝ կարելի է գալ այն եզրահանգման, որ ռուսական կողմը փորձում է ուղղակի հավասարակշռել իր մոտեցումները կարևոր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում, բայց Կրեմլը դա կարող էր անել նաև հրաժարվելով մասնակցել նշված միջոցառումներին բարձրագույն պաշտոնյաների մակարդակով: Նախագահի ու խոսնակի մակարդակով Ռուսաստանի ներկայությունն ավելի շուտ ենթադրել է տալիս, որ Մոսկվան, թերևս, ծրագրում է ակտիվ մասնակցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագիրը կանխորոշող գործընթացներին: Պահը ավելի քան հարմար է, քանի որ արևմտյան աշխարհը Հռոմի պապի շուրթերով և Եվրախորհրդարանի կողմից ընդունած բանաձևի միջոցով ճանաչելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը իրականացման փաստը՝ մեծ տեղ բացեց Ռուսաստանի նոր միջնորդական նախաձեռնությունների համար, և Թուրքիայի համար սա իրական ձեռքբերում կլինի, քանի որ Ցեղասպանության միջազգային հնարավոր ճանաչման միտումներին զուգահեռ ու դրանց ի հակակշիռ՝ իր համար նոր ու ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծելու պատեհություն կընձեռի:

-ԵՏՄ մյուս գործընկերները չեկան, այս վերաբերմունքը, դե ֆակտո   դաշնակից պետության հանդեպ որքանո՞վ է տեղին, և ի՞նչ կարող է անել Հայաստանն այս հարցում:

-Ղազախստանի և Բելառուսի նախագահների բացակայությունը երևանյան միջոցառումներին ԵՏՄ-ի հանդեպ Թուրքիայում ընդհանուր դրական վերաբերմունք ձևավորելու միտում ունի: Այս համատեքստում այլևս կարևոր էլ չէ անգամ, թե ինչ ասաց ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբաման. Հայկական հարցը դեռ մնում է քաղաքական խարդավանքների դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել