Շատերս էինք մտածում՝ իսկ ի՞նչ ենք անելու ապրիլի 25-ին...
Սթափվելու ենք... Սթափվելու ենք ու «հայ հետին խելքով» գլխի ենք ընկնելու, թե մեր ժողովրդի նկատմամբ իր անբասիր անբարոյականությամբ հայտնի Աշխարհը ինչպես կարողացավ մեզ ներկայանալ անարատ կուսությամբ ու մեր նույնիսկ ամենասրբազան ցավի նկատմամբ կարեկցանքը այդքան թանկ գնով վաճառել մեզ՝ ցեղասպանությանը ցեղասպանություն ասել-չասելու, մեր ընդվզումի քայլերթերը թույլատրել-չթույլատրելու, մեր հիշողությունն ու պահանջը կրկնելու-չկրկնելու, մեր երկատված Հայրենիքի կեսը մերը համարել-չհամարելու՝ զուտ գործնական ու առօրեական սակարկությամբ...
Շատերդ կասեք՝ ճանաչեցին... դատապարտեցին... եկան-գնացին...
- Միամիտ ենք է... միամիտ,- ի պատասխան կասեր Հրանտի հերոսը...
Իսկ որևէ մտքով չանցա՞վ այդ «սրտացավ ու կարեկից» Աշխարհին հարցնել.
-Եթե ճանաչում եք մեր ցեղասպանությունը և իրոք ուզում եք կանխել կրկնությունը, ինչու՞ չեք ճանաչում Արցախի անկախությունը, եթե ընդունում եք, որ Ախուրյանից անդին մեր գերյալ Հայրենիքն է, ինչու՞ չեք ընդունում, որ Արցախը մեր ազատագրված Հայրենիքն է... Չեք ընդունում, որովհետև ավելի թանկ վճարող կա՞...
...Սթափվելու ենք ու հասկանալու, որ մեր միակ մխիթարությունը ցեղասպանության զոհ-նահատակներին սրբադասելն էր, իսկ այսուհետ մեր պարտականությունը՝ Աստծո առաջ Նրանց՝ Սուրբ Նահատակների բարեխոսությունը խնդրելու մեր երկրի ու ժողովրդի ապահով գալիքի համար ու նաև... Աշխարհի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել