Երեկ` ապրիլի 24-ին, համայն հայությունը և ողջ քաղաքակիրթ մարդկությունը նշում էր 20-րդ դարի պատմության ամենաարյունալի և ողբերգական էջերից մեկի` Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: 
Ողջ աշխարհով մեկ, սկսած դեռ տարեսկզբից, կազմակերպվում էին զանազան միջոցառումներ, հրատարակվում նոր գրքեր, ուսումնասիրություններ, կազմակերպվում ցուցահանդեսներ և այլն, որոնք իրենց գագաթնակետին հասան երեկ` ապրիլի 24-ին:
Նախ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գործուն մասնակցությունն են ունեցել միջոցառումների կազմակերպմանը:
Հարկ է նշել, որ Ծիծեռնակաբերդում կազմակերպված միջոցառումն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ: 
Արժանահիշատակ էր միջոցառումներին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների, աշխարհի շուրջ 60 պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների մասնակցությունը:
Հիշատակի բազմամարդ միջոցառումներ կազմակերպվեցին նաև Ստամբուլում, որին մասնակցում էին մեծաթիվ թուրք մտավորականներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի անմար հիշատակին:
Անգնահատելի մեծ դեր կատարեց սփյուռքահայությունը, որոնք, աշխարհի որ ծայրում էլ որ գտնվեին, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին թուրքական մերժողականության դեմ: Հատկապես իրենց բազմամարդությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկան Լոս Անջելեսում, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում, Բեյրութում, Փարիզում, Թեհրանում, Սոֆիայում և այլուր կազմակերպված բազմահազարանոց բողոքի և պահանջատիրության միջոցառումները:
Անգնահատելի եղան նաև Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան, System of a Down խմբի ապրիլի 23-ի և 24/04 նվագախմբի ապրիլի 24-ի համերգները Հանրապետության հրապարակում, ջահերով երթը և այլն:
Արժանահիշատակ է, որ աշխարհի բոլոր խոշորագույն լրատվականները (The GuardianThe New York TimesLos Angeles Times, BBC, CNN, France 24 և ուրիշներ) մի քանի ընդարձակ հոդվածներով անդրադարձան Հայոց ցեղասպանությանն ու դատապարտեցին թուրքական ժխտողականությունը:
Մեծապես գնահատելի էին տարբեր երկրների խորհրդարանների ընդունած բանաձևերը, որոնք դատապարտում էին Մեծ Եղեռնը, մի շարք երկրների ղեկավարների ճանաչման և դատապարտման վերաբերյալ հայտարարությունները, Հռոմի պապի պատարագը և ելույթը...
Այս ամենից կարելի է կատարել մի շարք կարևոր հետևություններ.
1. Հայ ժողովուրդը ձերբազատվել է ցեղասպանվածի հոգեբանությունից։
2. Տեղի է ունեցել կարևորագույն գաղափարական փոփոխություն. հայությունը, ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարին զուգահեռ հսկայական պայքար է ծավալում նաև պահանջատիրության հարցով: Դրա վկայությունն են հանդիսանում Համահայկական հռչակագրի 6-րդ հոդվածը, մի շարք ականավոր գիտնականների (Ալֆրեդ դե Զայաս, Արա Պապյան, Արմեն, Մարուքյան և ուրիշներ) նոր աշխատությունները, Ցեղասպանության ֆորումի մասնակիցների ելույթները։
3. Կազմակերպված միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ համայն հայությունը միասնական է, իսկ այդ միասնականությունը ծնում է նորանոր հաղթանակներ։
4. Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք հաղթում ենք, եթե միասնական ենք։
5. Կարևորագույն փաստ է, որն անպայման պետք է արձանագրենք. թուրքական «անպարտելի» համարվող դիվանագիտությունը պարտվեց համահայկական դիվանագիտությանը։
6. Թուրքական դիվանագիտության պարտությունը մատնանշող կարևորագույն հանգամանքը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների ձախողումն էր, որը չկարողացավ որևէ կերպ շեղել քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից:

Հ.Գ. 1- Հպարտ եմ, որ հայ եմ...
Հ.Գ. 2 - Հիշում եմ և պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել