Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության դատապարտման շարքը սկսել է և շարունակություն է ունենալու։

Անդրադառնալով այս հարցում ԱՄՆ Նախագահի դիրքորոշմանը՝ նա ասաց, որ ի տարբերություն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային մի քանի հանգամանքներ են խանգարում «ցեղասպանություն» եզրույթը օգտագործել։

«Հիմնականում երկու խանգարող հանգամանք կարող եմ նշել, առաջինն այն է, որ ռուսական  բազան Հայաստանում է գտնվում, իսկ ամերիկյան բազան՝ Թուրքիայում։ Իսկ երկրորդ խանգարող հանգամանքը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններ են, որի համար պատերազմական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար անհրաժեշտ է Թուրքիան՝ իր տարածքով ու աջակցությամբ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը, սակայն հավատացրեց, թե իր կարծիքով՝ այդ հանգամանքները ևս ժամանակի ընթացքում լուծվելու են։

«Որովհետև ցանկացած  պարագայում տեսնում ենք, որ աշխարհը փոփոխվում է, և այն, ինչ այսօր անհավանական է թվում, վաղը միանգամից իրական է դառնում»,-ասաց նա և նշեց, թե այն, որ ԱՄՆ-ն իր շահերը պաշտպանում է և դաշնակցին որոշակի աջակցություն է ցույց տալիս, իր համար հասկանալի է քաղաքական առումով, որը սակայն երկարատև չի կարող շարունակվել։

«Բայց ինձ համար անհասկանալի է, որ Ռուսաստանը ՀՀ-ի հակառակորդներին է աջակցություն ցույց տալիս, ինչպես Ադրբեջանին է զենք մատակարարում»,- ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանի համար հասկանալի չէ նաև այն, ինչ անում է ԱՄՆ Նախագահը։

«Ինձ համար ընդունելի չէ, և ինքը ոչ թե մեզ, այլ իր քաղաքացիներին է նախընտրական հատվածում խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ կարծում եմ, որ գործընթացները սկսվել են ԱՄՆ-ում, նկատի ունեմ 44 նահանգների կողմից  Ցեղասպանության փաստը ճանաչվելը, կամ այն, որ ԱՄՆ-ն այստեղ պատվիրակություն ուղարկեց, ի տարբերություն Թուրքիայի Գալիպոլիի միջոցառման, որին մասնակցեց դեսպանի մակարդակով, իսկ Երևան եկավ պատվիրակություն՝ ֆինանսների նախարարի գլխավորությամբ, ով ի դեպ, ԱՄՆ-ի վերջին պաշտոնյան չէ։ Սա ակնհայտ ուղերձ է»,- ասաց նա և ենթադրեց, թե առկա խոչընդոտները կարող են վերանալ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորումից հետո, որից հետո կմնա  ռազմաբազայի խնդիրը, ինչն էլ արդեն իր գլխավոր նշանակությունը կորցրած կլինի։

Արմեն Մարտիրոսյանը նաև խիստ դրական է համարում Արևմուտքի, մասնավորապես Գերմանիայի դիրքորոշման փոփոխությունը։

«Որովհետև Գերմանիան և Ավստրիան այն պետություններն են, որոնք դաշնակցում էին Թուրքիայի հետ Առաջին աշխարհամարտի ժամանակ և հենց իրենք են, որ առաջին ձեռք գիտեն, թե իրականում ինչ է կատարվել և իրենց ճանաչումը կարևոր քայլ է Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ»,- ասաց նա և նշեց, թե դրան նպաստեց նաև Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքը։

«Կարծես թե շարքը սկսել է և շարունակություն է ունենալու։ Իսկ թե որ պետությունը չի ասում, կարծում եմ՝ արդեն ժամանակի հարց է, և ոչ շատ հեռու ապագայում այդ ամենը կտեսնենք»,- ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե ինչքանով հայկական կողմը կկարողանա օգտվել այդ բարենպաստ վիճակից, ինչպես Սևրի պայմանագրի դեպքում եղավ։

«Մենք ուղղակի այդ հնարավորությունը, կարողությունները կարող ենք չունենալ, տեր կանգնելու այն ամենին, ինչ տրվում է աշխարհի կողմից»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել