Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին սոցիալական ցանցերում ինքնաբուխ ակցիաներ սկսվեցին ընդդեմ «Կոկա-կոլա» ընկերության։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում հրաժարվել ըմպելիքից՝ բացատրելով դա փաստով, որ «Կոկա-կոլայի» ներկայիս տնօրենն ազգությամբ թուրք է, ով հակահայկական լոբբինգի առաջամարտիկներից է աշխարհում։

Ակցիաների իրական մոտիվը և հրամցվող ինֆորմացիայի իսկությունը պարզելու համար փոքրիկ լրագրողական հետաքննություն անցկացրինք և պարզեցինք, որ բարձրացվող հարցը շատ մոտ է իրականությանը։

2008-ի հուլիսի 1-ին «Կոկա-կոլայի» վարչական խորհրդի տնօրեն Նևին Իզդելն իր պաշտոնը փոխանցեց 55-ամյա ամերիկաբնակ թուրք Մուհթար Քենթին։ Այսօր Քենթը համարվում է աշխարհում ամենաազդեցիկ թուրքերից մեկը, ով մշտապես բացահայտ կամ քողարկված աջակցել ու ֆինանսական օգնություն է ցույց տվել Միացյալ Նահանգներում Անկարայի նախաձեռնություններին: Վերջին տարիներին նրա անունն անընդհատ ջրի երես է դուրս գալիս ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնող Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայի կազմակերպած միջոցառումներում:

2012 թվականին ԱՄՆ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները բոյկոտի արշավ սկսեցին ամերիկահայ հաջողակ գործարարների, բիզնես ղեկավարների դեմ: Հայ համայնքը պատասխան քայլեր սկսեց Մուհթար Քենթի դեմ, բողոքի նամակներ ուղարկվեցին «Կոկա-կոլայի» գլխավոր գրասենյակ:

2013-ին ամերիկահայերը դիմեցին «Կոկա-կոլային» և «Citigroup» ընկերությանը՝ կոչ անելով խզել բոլոր կապերն ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ուշադրության կենտրոնում Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան էր, որի հետ Մուհթար Քենթը սերտ կապերի մեջ է:

2014 թվականին հրապարակվեցին այն հայտնի թուրքերի անունները, որոնք մասնակցելու էին 2015 թվականի ապրիլին ԱՄՆ տարբեր նահանգներում անցկացվելիք հակահայկական կոնֆերանսներին:Մուհթար Քենթի անունն ընդգրկել էին որպես կոնֆերանսների գլխավոր դեմքերից մեկի:

Փաստ է, որ որպես ԱՄՆ թուրքական համայնքի անվանի գործիչ՝ հենց նա է հանդես գալիս ամենուր: Փաստ է նաև, որ նա հանդես է գալիս բավական հաջող, որովհետև շատերը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Բարաք Օբամայի որդեգրած խուսափողական քաղաքականությունը կապում են նաև Քենթի անձի ու այս խնդրում նրա ներդրած մեծ ջանքների հետ։

Եվ այսպես, կարելի է վստահորեն փաստել, որ բոյկոտի հիմքում ճշմարտության մեծ հատիկ կա, և որ սպառելով «Կոկա-կոլա» ընկերության արտադրանքը՝ մենք ջուր ենք լցնում այն մարդու ջրաղացին, ով իր անունը, ռեսուրսներն ու կապերը ծառայեցնում է մեկ հիմնական նպատակի՝ Հայոց ցեղասպանության փաստի մերժմանն ու թուրքական պրոպագանդայի հաղթանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել