Ահա 2015 թվականի ապրիլի 25-ն է, ու հայ ժողովրդի համար այն նորովի է սկսվել: Այս ապրիլի 25-ն անցած 100 տարիների ապրիլի 25-երին նման չէ: Անցած 100 տարիների ընթացքում մենք հիմնականում ողբում էինք կամ էլ սրանից ու նրանից օգնություն աղերսում, բայց այսօր ոչ թե խնդրում ենք, այլ արդարացի պահանջ ենք ներկայացնում այն մարդկանց ու պետություններին, ովքեր 1915 թվականին իրենց աչքերն էին փակում հայ մանուկի լացի վրա: Պետություններ կան, որոնք այսօր էլ չեն փոխվել, 100 տարի առաջ իրենց նավերը Տավրոսի լեռները չէին անցնում, այսօր էլ մի կերպ իրենց արքայազնին են ուղարկում իրենց պետության ամոթալի պարտությունը տոնելու: Խնդիրը, սակայն, այդ մարդկային կերպարանքները չեն, ովքեր իրենց շահի համար մարմնավաճառի դիրքից են հանդես գալիս, այստեղ ջայլամի սինդրոմն է այդ մարդկանց առաջնորդում, որոնք Թուրքիայում թաքնվել էին 100 տարի առաջվա իրենց ամոթալի պահվածքից: Պետք է արժանին մատուցել Մեծ Բրիտանիայում գործող լրատվամիջոցներին, ովքեր իրենց «Պրինցի» ամոթալի դեմքը փրկելու համար լուսաբանում էին ոչ թե Գալիպոլիի ֆարսը, այլ հայերի արդար պահանջը:

Անցել է 100 տարի՝ ցավի ու զրկանքի 100 տարի: Առաջին հայացքից օտար մարդու համար դա կարող է տարօրինակ թվալ. «100 տարի է անցել, դե պետք է ցավն էլ անցներ», բայց չէ, ցավը չի կարող անցնել, հայերի վերքն ամեն անգամ թարմանում է, երբ աշխարհի այս կամ այն ծայրում մի նոր ցեղասպանություն է տեղի ունենում։ Եթե 100 տարի առաջ այդ ամենը դատապարտվեր, Հիտլերը չէր ասի. «Ո՞վ է հայերի մասին այժմ հիշում», ու չէր կոտորվի 6 միլիոն անմեղ հրեա, ու դրան չէին հաջորդի Ռուանդայի, Դարֆուրի, Սումգայիթի ու վերջերս նաև եզդիների ցեղասպանությունները: Այժմ նոր 100 տարի է սպասվում աշխարհին, որը ոնց ուզում եք կոչեք, բայց այդ բառերից չի փոխվելու իմաստը: Հայերը մոտակա 100 տարին պահանջելու են ու դատապարտեն, սգալու են ու կանգնելու են ողբացողի կողքին, ձեռք են մեկնելու ընկածին, բարձրացնելու են գլուխներն ու արդար պայքարի նետվեն: Չընդունելն ու չդատապարտելը պակաս մեղսակից չի դարձնում այն մարդուն, ով յաթաղան չի բարձրացրել: Չես ընդունում, ուրեմն հնարավորություն ես տալիս յաթաղանի նոր հարվածին ու նոր մանկիկի լացին: Չես դատապարտում՝ մանուկն է դատապարտում քեզ երկնքում:

Աշխա՛րհ, կանգ առ, կյանքը դեռ չի ավարտվել, ու մենք դեռ գազան չենք դարձել: Առ Աստված աղոթքով, գուցե և Ալլահին ու Բուդդային խնդրելով՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց կողքի մարդուն ընկած թողնելն ու նրան սպանողին չդատապարտելը մեղք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել