Tert.am-ը գրում է.

Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ են տեղի ունեցել, գրում է Газета.ru-ն։

Ռուսաստանն այդ միջոցառումներին ներկայացնում էր նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այս դեպքում համակարծիք է միջազգային հանրության տեսակետի հետ, որոնք դատապարտում են հանցագործությունը։

Սակայն Ռուսաստանից բարձրաստիճան ներկայացուցիչ կար նաև Թուրքիայում (Պետդումայի խոսնակը-Tert.am), որն առ այսօր չի ճանաչում Ցեղասպանությունն ու նշում է սեփական հիշատակի օրը՝ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը։ Մոսկվան փորձում է մանևրել երկու երկրների միջև, և դա անում է բավական հաջող, գրում է լրատվամիջոցը։

Այնքան բարձրաստիճան հյուրեր, որքան այս օրերին Հայաստանում էին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, Երևանը հավանաբար երբեք չէր ընդունել։

Հայաստանի մայրաքաղաքում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը, ինչպես նաև տասնյակ տերություններից տարբեր մակարդակի պատվիրակություններ։

Այս տարելիցին Հայաստանը վաղուց էր պատրաստվել։

1915 թվականի մարտին Օսմանյան կայսրությունում հայերի աքսորման հրամաններ հայտնվեցին, իսկ ապրիլի 24-ին տեղի ունեցան հայ մտավորականների, կրոնական, տնտեսական ու քաղաքական էլիտայի ձերբակալությունները. այդ դեպքերին զոհ գնաց մոտ 1.5 մլն մարդ։ Ավելի քան 20 երկիր այդ դեպքերը որպես «ցեղասպանություն» է ճանաչել։

Բազմաթիվ համաշխարհային կառույցներ ևս վաղուց այդ հարցով համաձայնության են եկել.  Ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի փոքրամասնությունների հարցերով ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Իրենք՝ հայերը, այդ ողբերգական դեպքերը համեմատում են Հոլոքոստի հետ, գրում է լրատվամիջոցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել