Tert.am-ը գրում է․

Շատ կուզեի, որ Հայաստանում   լինեին նաև Թուրքիայի ղեկավարները և այլ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ: Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր  Հրանտ Դինքի ընկեր Ուֆուկ Ուրասը:

Նա իբրև բարեկամության նշան ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին նվիրեց անմոռուկագույն իր փողկապը:

«Այսօր ապրիլի 25 է,  և համարում եմ, որ լավագույն մոտեցումը ոչ թե դրոշներ այրելն է, այլ կարելի է մի նոր էջ բացել: Պետք է ընդհանուր հայրենիք ստեղծենք»,- ասաց Ուֆուկ Ուրասը կրկնելով  իր այն միտքը, որ պետք է պայմաններ ստեղծել, որ Օսմանյան հայերի թոռները վերադառնան իրենց երկիրը:

Հիշեցնենք, որ  Երևանում անցկացված «Ընդդեմ Ցեղասպանության  հանցագործության» գլոբալ ֆորումին Ուֆուկ Ուրասը հնչեցրել էր նույն միտքը, որ. «Մեր պատմության, 1915-ի հետ առերեսման խնդիրը միաժամանակ ընդհանուր հայրենիքի, մեր ապագան կառուցելու խնդիր է: Առանց անցյալի հետ առերեսվելու հնարավոր չէ կառուցել ապագան: Այսօրը վերահսկող անցյալը կվերահսկի ապագան վերահսկող անցյալը։ Թուրքիայի կառավարության կողմից անցյալ տարի արտահայտված ցավակցությունը և այս տարվա հայտարարությունը  առնվազն առաջին քայլն է»։

Ուֆուկ Ուրասը   երեկ տեսել է, որ Երևանի փողոցներում այրում են Թուրքիայի դրոշը, ինչը սխալ է համարում:  Նրա կարծիքով՝ ճիշտ ճանապարհը  նստել և քննարկելն է:

Թուրք քաղաքական գործիչը հայտարարեց նաև, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, և որ Թուրքիան չի կարող Ղարաբաղյան խնդրի կողմ հանդիսանալ:

Ուֆուկ Ուրասը անդրադառնալով երեկ անցկացված Գալիպոլիի հոբելյանական միջոցառումներին՝ նկատեց, որ սխալ էր ապրիլի 24-ի հետ այս ամսաթվի համընկեցումը:

Սակայն նա մեծ հույսեր է փայփայում Պուտին-Էրդողան հարաբերություններից, որոնք նրա գնահատմամբ՝  կարող են օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Իզմիր բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա    Ջեմ Թերզին  հայտարարեց, որ Երևան են ժամանել ներողություն խնդրելու համար:

Պրոֆեսորը նկատեց, որ  հույն, հայ, քրիստոնյա այլ փոքրամասնություններ ոչնչացվեցին։ «100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը ժխտելը այսօր նշանակում է նույն գործողությունները իրականացնելը»,-ասաց Մուսթաֆա Ջեմ Թերզին:

Նա անընդունելի է համարում ոչ միայն իր երկրի կառավարության, այլ թուրք ժողովրդի 100-ամյա լռությունը: Նաև այն, որ մինչ օրս իր երկրում Հայոց ցեղասպանության համար մեղավոր հանցործների անունով փողոցներ ու կառույցներ են անվանակոչվում:

«Մենք պարտավոր ենք հիշել և հիշեցնել տեղի ունեցածի մասին»,- ասաց նա և կրկնեց՝ «բոլորիցդ Ցեղասպանության համար ներողություն եմ խնդրում»։

Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի կողմից, ըստ  Ջեմ Թերզիի, պետք է ունենա իրավական և քաղաքական հետևանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել