Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը գտնվել է Հայաստանում։ Փորձագետները նշում են ռուսական արտաքին քաղաքականության հաջողություններն այդ ուղղությամբ. Գյումրիի ոճրագործության հետևանքները հաջողվել է մեղմացնել (երբ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյանների ընտանիքին-Tert.am), պահպանել հարաբերություններն ավանդական դաշնակցի հետ և միաժամանակ կարգավորել կապերը Թուրքիայի հետ։ Շնորհիվ դրա՝ Մոսկվան շատ ավելի շահեկան վիճակում է հայտնվել, քան ԱՄՆ-ն, գրում է Газета-ն։

Քարնեգիի մոսկովյան կենտրոնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն խոստովանել է, որ մինչ վերջին պահը չի հավատացել, որ Պուտինը կմեկնի Երևան և ռիսկի կենթարկի ռուս-թուրքական հարաբերությունները։ Նա կարծում է, որ իր քայլով Պուտինն աշխատում է Հայաստանը Եվրասիական միության ուղեծրում պահել, քանի որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն այդ հարցում տատանվում է։

Պուտինի այցն առաջինն է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը փախել էր զորամասից և գնդակահարել Ավետիսյանների ընտանիքը։ Թեև այդ դեպքին հաջորդել էին մի շարք ցույցեր, այդ թվում՝ հակառուսական կարգախոսներով, փորձագետները նշում են, որ Ռուսաստանին հաջողվել է թույլ չտալ Հայաստանի հետ հարաբերությունների վատթարացում։

Ինչպես հետխորհրդային տարածքի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է որոշակի խմորում՝ կապված նրա հետ, որ հասարակության մի մասը կենտրոնացած է Ռուսաստանի հետ ավանդական կապերի վրա, իսկ մյուս մասն արևմտամետ է։

Հարկ է նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար որպես ռազմական ֆորպոստ Կովկասում։ Այդ պետությունը նաև ԵՏՄ-ի անդամ է, գրում է Газета-ն։

«ԵՏՄ-ն և Հայաստանն ավելի թանկ են Պուտինի համար, քան Թուրքիան։ Նա հույս ունի, որ թուրքերը նրա այցին ըմբռնումով կմոտենան, թեև Էրդողանի (Թուրքիայի նախագահ-Tert.am) շուրջ կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն նրան։ Կցանկանայի կարծել, որ այցը մտածված է, ինչպես և դրա բոլոր հետևանքները»,- վստահ է Մալաշենկոն։

ՌԴ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշում է, որ բացի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տարաձայնություններից, Մոսկվան շատ այլ չկարգավորված հարցեր ունի Անկարայի հետ։ Կողմերը համաձայնության չեն գալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմի, Կիպրոսում իրավիճակի կարգավորման և Ղրիմի թաթարների հարցերի շուրջ։

Անկախ բոլոր քաղաքական տարաձայնություններից՝ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ համագործակցում են արտաքին առևտրի, էներգակիրների, «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ Երևանում հիշատակի միջոցառումներին երկիրը ներկայացրել է ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն։

«Մարդասիրական և պատմական իմաստով ԱՄՆ-ն երբեք չի հերքել ցեղասպանության փաստը։ Սակայն Սպիտակ տունը չի ցանկանում ճանաչմանը տալ քաղաքական երանգ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար, որը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցն է։ Ամերիկա-թուրքական ռազմական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն»,- կարծում է American Studies պորտալի հրատարակիչ Արեգ Գալստյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել