Աստված ընտրյալներին է փորձության ենթարկում. մենք չդիմացանք այդ փորձությանը… Հայոց պատմության 1915 թվականի Ապրիլի 24-ի էջը գրվել է ոչ որդան կարմրով, այլ բյուրավոր անմեղ նահատակաց արյամբ: Բոլորեց 100 տարին: Դա ոչ երեկ էր, ոչ էլ 100 տարի առաջ. Ցեղասպանությունը՝ մարդու մոտ իր տեսակի ոչնչացման մոլուցքը, ի հայտ է եկել նրա առաջացման օրից: Դա 1000-ամյակների պատմություն ունի: Տեսակը, ձևը, տարողությունն ու տարածականության չափերը ժամանակի հետ փոխվում են և ընդլայնում: Եվ հանրագումարի բերելով ցեղակցին՝ իր տեսակին ոչնչացնելու մարդու մոլուցքը՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինն, արտաբերելով ընդամենը մեկ բառ՝ Genocide, կարողացավ մարդկության դեմ իրագործված և իրագործվելիք հանցագործություն-ոճրագործություններին տալ համապարփակ գնահատական: Մի բառ և ոչ ավելին՝ Genocide… Ցեղասպանությունը ճանաչման տաբեր փուլեր ունի. Մեկը հենց քաղաքական ճանաչումն է, որը երբեմն կարևոր է, սակայն ամենակարևորը չէ։ Ամենակարևորը գիտելիքն է, հատկապես պատմական գիտելիքը, կրթությունը և տվյալ երկրի սովորական քաղաքացները։ Դրա խոսափողը համաշխարհային լրատվադաշտում մշակույթի պատկառազդու ներկայանալի կերպարն է, և իրավական գիտակցման մշտարթուն և հետևողական կեցվածքն է, որ քաղաքական գործիչներն ի մի են բերում և ներկայացնում միջազգային հանրությանը: Աշխարհասփյուռ հայության գերխնդիրը սերունդների ճիշտ դաստիարակումն ու կրթումն է: Պետք է ձերբազատվել մորթվածի՝ զոհի բարդույթից: Լալահառաչ ու սրտաճմլիկ երգերով, արվեստի գործերով, մղկտալով չէ, որ Նահատակաց հիշատակն են հարգում: Չպետք է մոռանալ՝ Մեծ Վարդապետի ձայնն անգամ չի դողում «Գարուն ա, ձյուն ա արել» երգելիս, ով, ականատեսը լինելով մարդկության ամենազազիր սպանդի, չկարողացավ ֆիզիկապես հառնել, սակայն նա ծնունդ տվեց համամարդկային գոհար-գլուխգործոցի։ Նա իր տառապանքի գնով փրկեց հայի արարող տեսակի ոգին ու պատիվը: Դա ոչ մի տեղ այդպես չէր կարող ակնհայտ լինել, որքան հայ և համաշխարհային մշակույթում: Պատվախնդիր և արդարամիտ լինենք, միջազգային իրավունքի նորմերի սահմաններում հետամուտ լինենք և կարողանանք հասնել պատմական ճշմարտության հաղթանակին: Այլևս ընկրկելու տեղ և երկնչելու իրավունք չունենք, պատմության թափանիվն ընթացք է առել..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել