Tert.am–ը գրում է.

Հազարավոր մարդիկ մասնակցել են Մոնտեվիդեոյի կենտրոնական փողոցներով անցնող երթին` պահանջելով «հիշողություն, արդարություն և փոխհատուցում» մեկուկես միլիոն հայերի կյանքի համար, որոնք 100 տարի առաջ  նահատակվել են Օսմանյան կայսրության տարածքում:

Երթը կազմակերպվել է Ուրուգվայի Հայ երիտասարդների միության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ: Երթը մեկնարկել է Մոնտեվիդեոյի քաղապետարանի այգուց և ավարտվել Անկախության հրապարակում, որտեղ մի շարք երաժշտական ներկայացումներ են տեղի ունեցել:

Երթի մասնակիցները պաստառներ էին պատրաստել` «Թուրքիա, ցեղասպան պետություն»  կամ «1 500 000 կյանք արդարություն է պահանջում» գրություններով:

«Այս երթով պահանջում ենք մեր ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաև՝ ներկայում տեղի ունեցող և անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչում, որոնք անպատիժ են մնացել», - ասել է Ուրուգվայի Հայ երիտասարդների միության խոսնակ Սարգիս Փանոսյանը:

Ոգեկոչման երթին մասնակցել են նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուրուգվայի  զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել