Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան գալը հիշատակման միջոցառումների առիթով պատահական չէ, Ֆրանսիայում ազդեցիկ հայկական համայնք կա: Բայց դա չէ էականը, պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները տանում են նրան, որ Ֆրանսիան բնականաբար պետք է, իր շահերից ելնելով, ընտրեր քրիստոնյա երկրներին: Գոնե Օլանդը լավ գիտի, թե ինչ ասել է իսլամիստ ահաբեկիչ, «Շարլի Էբդոյի» պատմությունը դեռ թարմ է: Նա հատուկ նշեց, թե Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց գիտի, թե ինչ է պատմության պարտավորությունը: Բայց դրանով ցանկացավ շեշտել, որ համաշխարհային քարտեզի եղանակ փոխողներից մեկն իր երկիրն է: Նա փաստացի Թուրքիային կոչ արեց, որի մեջ նաև հրահանգի ենթատեսքտ կար՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիայում կարևոր բառեր կան, որոնք հնչել են, բայց կան նաև այլ կարևոր բառեր, որոնք դեռ պետք է հնչեն»,-ասաց Օլանդը: Դա նաև ուղերձ էր Թուրքիային կարգի հրավիրելու, թե տե՞ս, քեզ կճնշենք տնտեսապես և ոչ միայն, եթե մեր առաջարկած խաղի կանոններով չխաղաս, տե՞ս՝ չեկանք քո Գալիպոլիի Ֆարսին: Մերձավոր Արևելքում կատարվածի ու Հրանտ Դինքի մասին էլ պատահական չհիշատակվեց Ֆրանսիայի նախագահի խոսքում: Ծերուկ Եվրոպան Թուրքիային մտորելու շանս է տվել: Հիմա այդ փուլն է: 
Ի դեպ, Օլանդը նաև կոչ արեց բացել հայ-թուրքական սահմանը և թափանցիկ ակնարկ արեց՝ մահմեդականներն էլ են մեղք, իրենք էլ են իսլամիստ ծայրահեղականների զոհը...
Իսկ Ամերիկայի՝ Ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելն այս պահին էական չէ: Ինչպես էական չէ այդ երկրի՝ ֆինանսների նախարարով Հայաստանում ներկայանալը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել