Վերջին օրերին մայրաքաղաք Երևանն իսկապես աշխարհի կենտրոններից մեկն է դարձել: Հազարավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր երկրներից, եկել են Երևան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Երևան են եկել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության, Սերբիայի, Կիպրոսի հանրապետությունների նախագահները, պետական պաշտոնյաներ: Երևանում տեղի ունեցավ SOAD-ի բազմահազարանոց համերգը... Հանրապետության հրապարակում մոտ 60 հազար մարդ կար...
Ուրեմն, իսկապես լարված ու անհանգիստ օրեր, որոնք պատասխանատվություն են պահանջում, պահանջում են կարգուկանոն և աչալրջություն:
Այս լարվածությանն ու պատասխանատվությանը միախառնվեց անձրևը, որն է՛լ ավելի բարդացրեց իրավիճակը:
Բայց, չնայած այս ամենին, մայրաքաղաքն իրեն պահեց մայրաքաղաքի նման, որովհետև ամեն տեղ էր մեր ոստիկանությունը: Ես հպարտացա՝ տեսնելով հայ ոստիկանի աշխատանքը, հիացա, համոզվեցի, որ մենք պետականություն ունենք, պետություն ունենք, որը կարողանում է աշխարհին ներկայանալ կարգուկանոնով, կարողանում է ապացուցել, որ մեր պետության պատիվը պահողների մեջ են նաև ոստիկանները: Հրապարակում տեղի ունեցած համերգի ժամանակ որևէ միջադեպ չգրանցվեց, մարդկային կուտակումներ չեղան հարակից փողոցներում: Այս ամենը նաև ոստիկանության ջանքի ու պատասխանատվության արգասիքն է:
Ուրեմն ես՝ հպարտ ու արժանապատիվ Հայաստանի քաղաքացիս ու մտավորականս, իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր ոստիկանությանը, սեղմում անձրևին ու ցրտին կանգնած հայ ոստիկանի ձեռքը, երախտագիտությունս հայտնում...
Հնար լիներ, բոլորին տաք թեյ կհյուրասիրեի, որովհետև նրանցից ամեն մեկն ամեն ինչ անում էր, որպեսզի մարդկային խառնարանի վերածված քաղաքում յուրաքանչյուրն իրեն ապահով ու հանգիստ զգար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել