Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը  Tert.am-ի հետ զրույցում ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չօգտագործելը պայմանավորեց նրանով, որ այդ բառն արտասանելու դեպքում Վաշինգտոնը ամբողջովին  կկորցներ իր լծակները Թուրքիայի նկատմամբ, ինչը, նրա գնահատմամբ, «Հայաստանին անվտանգության առումով  ձեռնտու չէր լինի»: Ըստ նրա՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը պակաս կարևոր չէ, քան ԱՄՆ կողմից ճանաչումը։

 «Կարծում եմ, որ հենց այդ անվտանգության շահերից ելնելով՝ Նախագահ Օբաման այդպես էլ պետք է աներ՝ միաժամանակ ցույց տալով այն ասիմետրիան, որ կար՝ Թուրքիա պատվիրակություն չուղարկելով, և իր այս ասիմետրիկ վերաբերմունքը երկու երկրների նկատմամբ ցույց տալով»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

-Պարո՛ն Շահնազարյան, եթե ամփոփելու լինենք ապրիլի 24-ին Գալիպոլի և Ծիծեռնակաբերդ այցելող պատվիրակությունների ու երկրների ղեկավարների թիվն ու այսպես ասած՝ որակը, և վերադառնալով երբեմնի ֆուտբոլային դիվանագիտության բառապաշարին, ապա ի՞նչ միավորներ ստացավ Երևանը, ի՞նչ՝ Անկարան: Մանավանդ, Էրդողանի այն հայտարարության ֆոնին, որ «թող իրենք միայնակ նվագեն, ու պարեն»: Ի դեպ, Երևան ժամանած թուրք լրագրողն էլ առաջարկեց չկենտրոնանալ, թե ով է Հայաստան գալիս, ով՝ Չանաքալե, քանի որ,  «ամենակարևոր ֆիգուրը Օբաման է, որը ո՛չ այստեղ է, ո՛չ այնտեղ»:

-Տվյալ դեպքում, ես կարծում եմ, վստահ եմ, որ նման թվաբանությունը ոչ միայն տեղին չէ, այլև՝ վնասակար: Ինչ վերաբերում է Օբամայի օրինակին, որը մեջբերում եք թուրք լրագրողից: Գալիպոլիում Միացյալ Նահանգները ներկայացված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մակարդակով: Այսինքն՝ԱՄՆ-ից որևէ պատվիրակություն Թուրքիա չի ժամանել։ Նաև ուզում եմ ընդգծել, որ երեկ Ստամբուլում Ցեղասպանություն 100-րդ տարելիցին նվիրված համերգին ներկա է եղել Միացյալ Նահանգների դեսպանը: Հայաստան ԱՄՆ-ից եկել է պատվիրակություն`ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի գլխավորությամբ: Սա արդեն էական տարբերություն է, որ Վաշինգտոնը դրել է այս երկու միջոցառումների միջև:

Երկրորդ. այդ թվաբանությունը տեղին չէ նաև այն պատճառով, որ մենք հիմա տեսնում ենք, թե ամբողջ աշխարհում ինչ է կատարվում՝ Եվրապառլամենտի որոշումը, Հռոմի պապի ելույթն ու պատարագը Վատիկանում, Գերմանիայի խորհրդարանի բանաձևը: Այս ամենը միարժեքորեն ցույց տվեց, որ այն նպատակներից մեկը, որը դրել էր Էրդողանը՝ ապրիլի 24-ին Գալիպոլի ճակատամարտի միջոցառումները կազմակերպելով, ուղղակիորեն տապալվեց:  Ամենավառ ապացույցը՝ վերջին 2-3 երեք օրերին և, հատկապես երեկ թուրքական  տարբեր պաշտոնատարների հայտարարություններն էին՝ թե՛ Էրդողանի, թե՛ Դավութօղլուի: Ավելացնեմ, որ ավելի քան վստահ եմ, որ Էրդողանի այս նախաձեռնությունը, նկատի ունեմ՝ ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտը, ոչ միայն ուղղված էր Ցեղասպանության հարյուրամյակի դեմ, այլև ուներ Թուրքիայի ներսում քաղաքական նշանակություն: Չմոռանանք, որ առաջիկայում` հունիսին Թուրքիայում ընտրություններ են, և Էրդողանը, ավելի շատ լինելով քաղաքական, քան պետական գործիչ, իր ողջ քաղաքականությունն ուղղել է ձայներ հավաքելուն: Սա ավելի շուտ Թուրքիայի ներսում այս ամբողջ իրադարձության աղմուկը խլացնելու փորձ է և առաջին հերթին ունի քաղաքական նշանակություն:

Ուզում եմ ավելացնել նաև այն, որ ինչ կատարվում է Գերմանիայում ( հարցազրույցը տրվել էր նախքան հայտնի կդառնար  Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցի՝ այլ ժամկետ տեղափոխումը), հատկապես Գերմանիայի Նախագահի, Բունդեսթագի խոսնակի հայտարարությունները, նույնպես շատ լուրջ իրադարձություն է: Սա նույնիսկ  ավելի լուրջ է ու կարևոր է, քան Եվրոպական խորհրդարանինը:

-Այսինքն՝ կարևորություն ասելով՝ նկատի ունեք, որ հայտարարությունները զուտ որպես Օսմանյան Թուրքիայի նախկին դաշնակցի` Գերմանիայի կողմից են։

 -Իհարկե: Եվ սա պակաս կարևոր իրադարձություն չէ, քան Միացյալ Նահանգների կողմից ճանաչումը: Իսկ այն, ինչ եղավ ԱՄՆ-ում, այդպես էլ պետք է լիներ: Այսօր Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, լարվածությունը չափազանց մեծ է: Եվ ակնհայտ է, որ Օբաման չէր գնահատելու կոտորածները որպես ցեղասպանություն, այսինքն՝ չէր օգտագործելու այդ բառը, որովհետև Վաշինգտոնն ամբողջովին կկորցներ իր լծակները Թուրքիայի նկատմամբ, որոնք հիմա առանց այն էլ քիչ են: Եվ չեմ կարծում, որ դա Հայաստանին անվտանգության առումով ձեռնտու կլիներ: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, որ հենց այդ անվտանգության շահերից ելնելով՝ Նախագահ Օբաման այդպես էլ պետք է աներ` միաժամանակ ցույց տալով այն ասիմետրիան, որ կար՝ Թուրքիա պատվիրակություն չուղարկելով, և իր այս ասիմետրիկ վերաբերմունքը երկու երկրների նկատմամբ ցույց տալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել