Tert.am-ը գրում է.

Թուրքական բոլոր լրատվամիջոցներում այսօր Հայոց ցեղասպանության մասին նյութեր են եղել: Դրանցից ոմանք կոչ են արել ճանաչել Ցեղասպանությունը, ոմանք էլ ամեն կերպ փորձում են ժխտել դա: Իսկ թուրքական երկու պարբերականներ այսօր լույս են տեսել հայերեն շապիկով:

«Ակօս». «Անվերջանալի ժխտումն ամենաերկար ցեղասպանությունն է» խորագրով է լույս տեսել. «Այն, ինչ տեսնում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, ավելին է, քան դասական ժխտումը: Իշխող կուսակցության ներկայացուցիչները մնաց միայն «ժխտման պար» ստեղծեն: 100 տարի շարունակ  թակարդված, շունչ քաշել չկարողացող, աղավնու պես վախվորած ազգի շուրջ բռնած պար: Հարձակողական, մեղադրող լեզվով, ծաղրող կեցվածքով, վերքի վրա աղ լցնող, կեցվածքով մի պար է դա»:

Cumhuriyet. թերթը հայերենով «Այլևս երբեք» խորագրով է լույս տեսել։ «100 տարի առաջ այս հողերում ապրող մարդկանց համար սգում ենք»,-գրել է թերթը:

«Օսմանյան կայսրության շրջանում տեղի ունեցած աղետի ցավը դեռ թարմ է: Մարդկային խիղճը, իրավունքն ու արդարության զգացումը կաթվածահար անող այդ վերքին առերեսվելու ժամանակն է, որպեսզի այլևս երբեք չկրկնվի»,-գրել է թերթը:

Taraf. պարբերականի առաջին էջում պրոֆեսոր Այհան Աքթարի հարցազրույցն է՝ «Թե՛ տեղահանություն, թե՛ ցեղասպանություն» վերնագրով:

Պրոֆեսոր Աքթարը նշում է, որ տեղահանությունն ու ցեղասպանությունը միմյանցից տարանջատելը դժվար է: «Բուրսայում, Էսքիշեհիրում, Ադափազարում տեղահանություն եղավ, մարդկանց վագոնները լցրին ու ստիպեցին լքել: Սակայն նույնը չեմ կարող ասել Մուշի, Էրզրումի, Դիարբեքիրի համար: Այնտեղ Ցեղասպանություն է տեղի ունեցել»:

Bugün թերթում «Եվս երկու երկիր ցեղասպանություն ասաց» վերտառությամբ նյութ կա: «Էրդողանի՝ նոր պալատում ընդունած Հռոմի պապից հետո Պուտինն էլ ասաց «ցեղասպանություն»: Գաուկն էլ նմանատիպ հայտարարություն արեց»:

Sözcü պարբերականը գրում է. «Թուրքիան Ռուսաստանին Աքքույու ատոմակայանի կառուցման իրավունքը տվեց, սակայն ՌԴ առաջնորդ Պուտինը «գոլ խփեց»: Պուտինը 1915-ի Ապրիլի 24-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» կոչեց»:

Evrensel թերթը լույս է տեսել «Առերեսվի՛ր» խորագրով։ «Ազգերի բարեկամության վրա հիմնված պատվաբեր ապագա կառուցելու համար Հայոց ցեղասպանությանը պետք է առերեսվել ու վերջ տալ 100-ամյա ամոթին»,- գրել է այն:

Özgür Gündem. թերթը լույս է տեսել հայերեն «Տես, լսիր, առերեսվիր» խորագրով: «Այսօր հայերի և ասորիների ցեղասպանության 100-ամյակն է: 1915-ին պետությունը պլանավորված ցեղասպանություն իրականացրեց՝ կոտորելով 1.5 մլն հայերի և 500 հազար ասորիների: Այդ վերքն արդեն 100 տարի է՝ բաց է: Իշխանությունը ժխտում է, սակայն ազգերն ասում են՝ «ճանաչի՛ր, առերեսվի՛ր, ներողությո՛ւն խնդրիր»։

Hürriyet. թերթում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցն է:

Sabah. «Մեր ցավերը համատեղ են, պատրաստ ենք խոսել» վերնագրով լուրի տակ նախագահ Էրդողանի հայտարարությունն է այն մասին, որ ընդհանուր ապագա կառուցելու համար հայաստանցի ղեկավարների հետ պատրաստ են հանդիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել