Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության և ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի` այսօր արդեն 100-ամյա ցավի և ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից և նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝  առանց ժամկետային և աշխարհագրական սահմանափակման:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդատյացությունը ձեռք բարձրացրեց մարդասիրության, մթագնած գիտակցությունը՝ բանականության, ազգայնամոլությունը՝ հանդուրժողականության վրա: Եվ ծնվեց դարի մեծագույն և առաջին հանցագործությունն ընդդեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը: Այն իրականացվեց որպես պետական քաղաքականություն, որպես բնիկ ժողովրդին բռնությամբ հայրենիքից և ինչքից զրկելու, նրա գենոֆոնդի ներկան ու ապագան ոչնչացնելու մանրամասն մտահղացված ծրագիր: Մի ողջ ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին հայ լինելու պատճառով, բայց արմատազրկել այդ ժողովրդին չհաջողվեց հայ լինելու շնորհիվ:

Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում և ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների և պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք և կորով՝  մղելով վերապրելու, արարման, վերածննդի:

Հայոց ցեղասպանությունն այն հանցանքն է, որի պատիժն արձանագրված է գրված ու չգրված օրենսգրքերում, որի պատիժն անխուսափելի է՝ անկախ ժամանակացույցի պտույտներից, որի համար պատժելը ժողովրդավար հասարակարգերի, իրավական պետությունների, պարզապես բարոյական հասարակությունների և արդարամիտ առաջնորդների պարտքն է ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ցեղասպանությունների չվերացած վտանգի առջև կանգնած ողջ մարդկության հանդեպ՝ պատմականորեն և իրավական նորմերով արձանագրված պարտք, հոգու և սրտի պարտք: և որքան հետաձգվի այդ պարտքի ժամկետը, այնքան ավելի մեծ կլինի հնարավոր ցեղասպանությունների հավանականությունը:

Սիրելի հայրենակիցներ, 100 տարի ցեղասպանության վերքի ցավը մեր հոգու և մեր ապրումների մեջ է, ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հիշողությունների ու պատմությունների մեջ, ցեղասպանությունը դատապարտած պետությունների, կառույցերի և գործիչների գործելակերպի մեջ: Սակայն մեր 100-ամյա ցավի խորհրդանիշը ոչ միայն անմոռուկն է, այլև անմեռուկը, և այս երկուսի համադրությունը մեր ժողովրդի հաստատուն լավատեսության գրավականն է: Հետևաբար, 100-ամյակը ողբերգության տարելիցն է, բայց ոչ ողբասացության, որովհետև 100 տարվա ընթացքում բազմիցս ենք ապացուցել, որ ողբերգությունից կարողանում ենք հասնել հաղթանակների, մինչդեռ ողբասացությունը կործանարար է ներկայի և պարարտ հող՝ անհեռանկար ապագայի համար: Ուստի պարտավոր ենք շարունակել ապրել ու ստեղծել, հզորանալ նաև 100-ամյակի սահմանից անդին՝ վերստին փաստելու վերածնվելու մեր գենետիկ կարողությունը, որը մեզ ուժ է տվել և 100 տարի առաջ, և 100 տարվա ընթացքում, և ուժ կտա հարյուրավոր ու միլիոնավոր տարիներ: Պարտավոր ենք ի հեճուկս ողբերգությունների և ողբերգակների, ոճիրների և ոճրագործների, ի հեճուկս 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը 21-րդ դարի ժխտողականությամբ շարունակելու փորձերի, հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի հայոց պետականության, հայկական սփյուռքի և հանուն այն միասնական հայկականության, որն ի զորու է պարտքը դարձնել պահանջ, հիշատակը՝ արդարության գործիք և դրանց միջոցով տեսլական հայրենիքը՝ առարկայական գոյություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել