Tert.am-ը գրում է.

Այսօր Օսմանյան կայսրությունում հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 1915-ին կառավարության ծրագրած ցեղասպանությանը 1.5 մլն հայ, 500 հազարին մոտ ասորի է կոտորվել: Այդ վերքն արդեն 100 տարի է՝ բաց է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ժխտում է, իսկ ազգերն ասում են՝ «ճանաչի՛ր, առերեսվի՛ր և ներողությո՛ւն խնդրիր»:

Հայերի՝ Անատոլիայի հողերում ցեղասպանության ենթարկվելուց 100 տարի է անցել, գրում է «Օզգյուր Գյունդեմ» կայքը՝ նշելով, որ պատմության ամենամեծ կոտորածներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունը:

Հայտարարությունը՝ ստորև.

«Հարցրո՛ւ, եղբա՛յրս…

Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել:  Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպած 5 մարդկանցից մեկը հայ էր, սակայն այսօր փողոցում հայերի հանդիպելն այդքան էլ հեշտ չէ: Ի՞նչ պատահեց նրանց, հարցրու՛ ,եղբայրս…

Կանգնի՛ր, լսի՛ր եղբայր…

Պետությունը մեզ դավաճան է հայտարարել, անիծված է կոչել, մեր մասին հրեշների նման է խոսել: Դպրոցում կարդացել ենք, մեդիայով՝ տեսել, տանը՝ լսել… կեղծ պատմությամբ են խոսել… ատել ենք միմյանց:

Հարցնե՛նք, եղբայրս…

Քանի դեռ չեն առերեսվել, այդ հանցագործությունը չեն դատապարտել, նրանք են օգտվում: Նման երկրում ապրե՞լ ես ուզում, եղբա՛յր: Սպանողին չպատժող, անարդարությունը չկանխող երկրում ապրե՞լ ես ուզում: Ո՞ւր են Հրանտի սպանության պատվիրատուները, Սևակ Բալըքչըի՞նը, Մարիցա Քյուչուքի՞նը:

Առերեսվի՛ր, եղբայրս…

Մենք 1915-ին չենք առերեսվել, չենք դատապարտել: Քանի դեռ 1915-ին հայ սպանողներն իրենց պատիժը չեն ստացել, այդ իրավիճակը կրկնվելու է: Քանի դեռ չի առերեսվել, պատիժը չի ստացել, հանցագործություններն ավելանալու են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել