Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում և Թուրքիայի այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենալու:

Հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Ստամբուլում և Դիարբեքիրում՝ տարբեր թուրքական ու հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Ստամբուլի միջոցառումները մեկնարկելու են այսօր՝ հայկական պատրիարքարանի կողմից Առաջին աշխարհամարտի տարիներին զոհվածների հիշատակին մատուցված պատարագով:

Միջոցառում է տեղի ունենալու Կոմիտաս վարդապետի բնակված տան մոտ:

Հիշատակի արարողություններ են տեղի ունենալու նաև Սուլթանահմեթ հրապարակում՝ թուրքական ու իսլամական կոթողների թանգարանի մոտ:

Ապա միջոցառումների մասնակիցներն այցելելու են Շիշլիի գերեզմանատուն՝ 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանին:

Երեկոյան դեպի Թաքսիմի հրապարակ քայլերթ է կազմակերպվելու, իսկ 19:15-ին Թաքսիմում կայանալու է հիշատակի միջոցառում:

Դիարբեքիրում միջոցառումները մեկնարկելու են ժամը 12:00-ին:

Իսկ կեսօրից հետո տարբեր կազմակերպություններ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի ղեկավարության աջակցությամբ, բացօթյա միջոցառում են կազմակերպելու: Իսկ գիշերը մամուլի ասուլիս է տեղի ունենալու:

Անկարայում աքսորված հայ մտավորականներին նվիրված միջոցառումից հետո դուդուկի նվագակցությամբ լուռ նստացույց է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել