Tert.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) քրդամետ կուսակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակին քայլերթ է կազմակերպել, և ողջ քայլերթի ընթացքում 100 անգամ զանգեր են ղողանջել:

1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալված, աքսորված ու զոհված հայ մտավորականների հիշատակին նվիրված միջոցառումը մեկնարկել է երեկոյան 19:00-ին:

Հայ մտավորականների լուսանկարները կրող մի խումբ «Առերեսվել ցեղասպանությանը» գրությամբ պաստառ է պարզել ու սկսել քայլերթը: Երթի ողջ ընթացքում հայերեն երգեր են հնչել և ղողանջել են զանգերը՝ ինչպես աշխարհի բոլոր եկեղեցիներում:

Քայլերթից հետո կուսակցության ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ խաղաղության հաստատման համար 1915-ի դեպքերին առերեսվել ու Ցեղասպանությունը ճանաչել է պետք:

«Ուղիղ 100 տարի առաջ այս հողերը պատմության ամենամեծ կոտորածներից մեկի ականատեսն են եղել: Հազարավոր տարիներ այս հողերում ապրած, Անատոլիայի հնագույն ազգերից հայերն ու ասորիները 1915-ին մեծ ցեղասպանության են ենթարկվել: Նրանք աքսորվել են իրենց տներից, զոհվել, նրանց ունեցվածքը թալանվել է՝ հազարավոր տներ, եկեղեցիներ, վանքեր կողոպտվել են: Նրանց վնասները փոխհատուցելու, արդարության ու առերեսման համար հանձնաժողով պետք է ստեղծվի: Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններ պետք է զարգանան: Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացել է պետք»,-ասել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել