Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:

Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում  «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն ակնհայտորեն տանում օտար պետության կողմը, հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը»:

Համբարյանն ընդգծել է, որ «նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դրա մասին ճշմարտացիորեն խոսացող նախագահ, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ»:

«Իրականում, այժմ պարզ է, որ նախագահ Օբամայի` Անկարային գոհացնելու ապակողմնորոշված փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին»,- եզրափակել է Համբարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացնում է Аssociated Press-ը:

Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:

Ըստ աղբյուրի՝ Օբամայի այս քայլը, սակայն, անակնկալ չէր: Օրեր առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Օբաման այս տարի ևս չի շեղվի նախորդ տարիների ավանդույթներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել