Երբ ինձ հարցնում են՝ երևանցի եմ, թե՝ ոչ, պատասխանում եմ, որ երևանցի եմ, քանի որ մեր գերդաստանից Երևանում ծնված արդեն երրորդ սերունդն եմ, իսկ տատերիս ու պապերիս ծնողները Երևան են եկել մանկահասակ տարիքում, ավելին, մորս արաբկիրցի ծնողները, տատերն ու պապերն են եղել ներկայիս Արաբկիր համայքի հիմնադիրների շարքերում: Հորս կողմից նախնիներս եղել են Արճեշից, Վանից և Կ. Պոլսից: Կ. Պոլսում արդեն գտել եմ նախնիներիս հետքերը, մասնավորապես այն հիվանդանոցը, որտեղ պապուս պապը երկար տարիներ աշխատել է որպես արքունական բժիշկ, իսկ Արճեշ, Վան և Արաբկիր գնալը դեռ շարունակում է մնալ երազանք, որը մի օր հաստատապես կիրականացնեմ:

Իմ ընտանիքի ամեն մի անդամ ունի ցեղասպանությունից իր ծնողների փրկվելու պատմությունը, բայց ամենատպավորիչ պատմությունը տատուս հոր փրկվելու պատմությունն ա:
Չնայած տատս այդ պատմություն պատմել էր շատ տարիներ առաջ, չեմ մոռացել ոչ մի դրվագ: Ահա այդ պատմությունից մի պատառիկ:

Արամ Խաչատրյանը, ծնված 1900թ-ին Արճեշ քաղաքում, ինը եղբայրներից միակն էր, որ ողջ էր մնացել սպանդի ժամանակ, շնորհիվ այն բանի, որ ավագ եղբայրը մահացու հարված ստանալու պահին գրկել և իր հետ միասին հորն էր նետել կրտսեր եղբորը, թուրքերը, մտածելով, որ Արամը մահացել է, թողնում են և հեռանում, իսկ Արամը որոշ ժամանակ պառկած է մնում եղբոր դիակի տակ, ավելի ուշ Արամին գտնում են և փրկում քրդերը, որոնք մանկահասակ Արամին հագցնում են քրդական ձևով և հորդորում ամբողջ ճանապարհին ոչինչ չխոսել՝ ձևացնելով, թե համր է, Արամին բերում և հասցնում են Արևելյան Հայաստանի սահմանին մոտ, ուղղություն տալիս և հեռանում: 
Արամն Արևելյան Հայաստան հասնելուն պես հայտնվում է Էջմիածնի ամերիկյան որբանոցում, իսկ որոշ ժամանակ անց գտնում իր մանկահասակ քրոջը, որին թուրքերը նետել էին գետը, սակայն հրաշքով ողջ մնացած քույրը գետում չէր խեղդվել և հայտնվել էր Գյումրիի որբանոցում:
Միշտ հիշում եմ՝ ապրիլի 24-ի նախօրեին տատս ոնց էր նորից ու նորից պատմում հոր փրկվելու պատմությունը, հիմա էլ որոշեցի այս պատմությունը պատմել ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել