Tert.am-ը գրում է.

Պետք է շարունակենք այն, ինչ անում ենք, պետք է խոսենք, պայքարենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը՝ պատասխանելով հարցին, թե ըստ նրա՝ ինչը կարող է Հայոց ցեղասպանության հարցում կոտրել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Ողջունելով Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը՝  նա ասաց. «Հիմա քամին ճիշտ կողմն է փչում, ամեն ինչ դեպի ճիշտ ճանապարհ է գնում, սակայն Թուրքիան պետք է ավելի շատ Գերմանիայի պես լինի, ոչ թե Ճապոնիայի պես, պետք է գերմանական ճանապարհով գնա և չժխտի ցեղասպանությունը»:

Նա նշեց, որ ցեղասպանության վերաբերյալ ապացույցներ կան, և այժմ շատ աշխատանք պետք է արվի, որ բոլոր պետություններն ընդունեն:

«Թուրքիայի դեսպանը գնում է Ցեղասպանությունը չճանաչած երկրներ ու ասում, որ եթե ընդունեք, մեր հարաբերությունները կվատանան։  Ի՞նչ է, մտածում եք, թե Օբաման չգիտի՞ ճիշտը, նա լավ էլ գիտի այն, սակայն հարցն այն է՝ կընդունի՞ այն, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ բոլոր երկրներն էլ հասկանում են, որ դա շատ վատ բան է և պետք է դրա դեմ պայքարել, սակայն չճանաչումը քաղաքականության հետ է կապված:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը նաև հույս հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կլավանան:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից սահմանները փակ պահելուն, ապա նա համաձայնեց, որ դա 21-րդ դարին հարիր չէ: Նա նշեց, որ ամեն մի երկիր կարող է իր օրենքներից ելնելով փակել իր սահմանը, սակայն պետք է գնալ Եվրոպայի ճանապարհով` առանց սահմանների:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կազմակերպած Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումներին, ապա  նա ասաց, որ դա պետք է անշուշտ հիշատակել, սակայն Թուրքիայի նպատակը շփոթեցելն է՝ իբր Հայոց ցեղասպանությունն այդ կռվի մաս է կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել