Tert.am-ը գրում է.

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։

Ցեղասպանության նահատակների վկայաբանությունն ընթերցեց բարձրաստիճան հոգևոր հայրերից մեկը, ով նշեց, որ նահատակներն աննկարագրելի տառապանքներով, ինչպես Քրիստոս էր խաչն ուսին բարձրանում Գողգոթա, այնպես էլ նրանք, մեծաձայն գոչումով վկայեցին իրենց անխախտ հավատքը։

«Նրանք Պողոս առաքյալի հետ հայտարարեցին, թե ոչ ոք չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց՝ ո՛չ նեղությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները և ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, և ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ստորին աշխարհից։ Ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մենք ճանաչեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով»,-ասաց նա։

Հավատքի համար նահատակվածներն ըստ բարձրաստիճան հոգևորականի՝ անմարդկային տառապանքներ կրեցին ու աննկարագրելի չարչարանքների միջով անցան, քանի որ հավատում էին Քրիստոսին, որ ասում էր, թե ովքեր հալածվում են հավատքի համար, նրանց է երկնքի արքայությունը։ «Նրանք ամեն տեսակ անարգանքներ կրեցին, բայց անսասան մնացին, քանի որ Աստծո խոսքը նրանց ականջներում էր»,- ասաց նա։

Ցեղասպանության նահատակների վկայաբանությունը ընթերցումից հետո, ընդունվեց հռչակագիրը, որով Ցեղասպանության նահատակները հռչակվեցին Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր՝ հիմնվելով մեր եկեղեցական ավանդության ու եպիսկոպոսաց ժողովի կայացրած որոշման հիման վրա և օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր խոսքում հայտարարեց. «Հռչակումը սրբոց նահատակաց, որք կատարեցան հընթացս Ցեղասպանության հայոց` վասն հավատո և վասն հայրենյաց. հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու» և ավելացրեց. «Մենք` Գարեգին Երկրորդ և ծայրագույն պատրիարք կաթողիկոս Ամենայն հայոց և Արամ Առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Երրորդության շնորհաբաշխ զորությամբ, Տեր Հիսուս Քրիստոսից տրված և Հայաստանյայց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից փոխանցված իշխանությամբ, Սուրբ Աստվածամոր, հայոց երկրորդ լուսավորիչ Սուրբ Գրիգորի և ամենայն սրբոց բարեխոսությամբ, եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ և մեր ժողովրդի քրիստոնեական կյանքի վկայությամբ սրբադասում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին և հռչակում ենք ապրիլի 24-ը Հիշատակ սրբոց նահատակաց»:

Սուրբգրային ընթերցումներից հետո կաթողիկոսներն օծեցին նահատակաց 2 սրբապատկերները։ Ժողովուրդն այլևս կարող է մոտենալ օծված սրբապատկերներին, հպվել ու օրհնություն ստանալ:

Այնուհետև Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտարարեց. «Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին մեր միլիոնավոր զավակներ տեղահանվեցին և ջարդի ենթարկվեցին, անցան հրի ու սրի միջով, ճաշակեցին տառապանքի դառը պտուղները, սակայն սոսկալի նեղությունների մեջ Քրիստոսի սիրով զորացյալ` բերեցին վկայությունը անսասան հավատքի»:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն իր օրհնության պատգամը հղելով՝ հայտարարեց. «Սրբերը նահատակ դարձած մեզ հետ ապրեցին, և մեր կյանքին տվին հստակընթաց նպատակ՝  սրբերն իրենց հավատքով մեր հավատքը կոփեցին, իրենց հույսով՝ մեր կյանքը շաղախեցին և այսօր արդեն իսկ ժողովրդի մեջ նահատակ ու սուրբ դարձան։ Նրանք կսրբանան ու իրենց սրբացող ներկայությամբ մեր եկեղեցին կպայծառացնեն»։

Սրբադասման արարողությունը եզրափակվեց ուղիղ ժամը 19:15-ի, երբ հայտարարվեց լռության րոպե, որի ընթացքում Մայր տաճարի ու աշխարհի քրիստոնեական քույր եկեղեցիները հնչեցրին 100 ղողանջներ` ի պանծացումն Հայոց ցեղասպանության սրբերի:

Զանգերը ղողանջեցին նաև աշխարհի շատ այլ քույր եկեղեցիներում` Մոսկվայի Աուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Փարիզի Աստվածամոր տաճարում, Թեհրանի Սուրբ Սարգսի մայր տաճարում և շատ այլ եկեղեցիներում: 

Սա տոնական ղողանջ է, քանի որ հայերի համար Հայոց ցեղասպանության նահատակները զոհեր չեն ընկալվելու այլևս, այլ՝ սրբեր, որոնք յուրաքանչյուրի համար բարեխոս պիտի լինեն երկնքում երկնավոր Տիրոջ առջև և նաև կյանքի ընթացքի լուսավորողները:

Արարողության մասնակիցները Տերունական աղոթք հնչեցրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել