Tert.am-ը գրում է.

Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին ապրիլի 23-ին Իտալիայի Սենատում ելույթ է ունեցել  Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, և Սենատը 1 րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը։
Ելույթում  սենատորը մեջբերել է 1915թ. Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գորինիի հարցազրույցից հատվածներ, նշելով, որ նրա վկայությունները հայերի բնաջնջման մասին կարևորագույն իտալական փաստաթղթերից են:

Սենատոր Դե Բիազին, մասնավորապես, մեջբերել է Ջիակոմո Գորինիի հետևյալ վկայությունները. «Մարդկանցով լի նավերը խորտակեցին: Տղամարդկանց և երիտասարդներին գլխատեցին: Ապա երիտասարդ աղջիկներին գողացան և բռնաբարեցին, իսկ երեխաներին գերի վերցրեցին»:

«Հայ ազգի գրեթե երեք քառորդը Թուրքիայում ամենադաժան սպանդի ենթարկվեց»: «Օգտագործեցին պողպատապատ վագոններով պարզունակ գազախցիկներ և զանգվածաբար բնաջնջեցին»:

Ապա սենատոր Դե Բիազին իր կողմից ավելացնում է, որ «նաև սրա համար է, որ Հայոց ցեղասպանությունը նշվում է որպես ցեղասպանությունների դարի առաջին ցեղասպանությունը»:

Նա կարևորում է Եվրոմիության կողմից  այս շաբաթ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը և նկատում, որ «Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աշխարհը ցնցեց անտարբերությունից և խաղաղության ու ժողովուրդների համերաշխության մի նոր ճանապարհ բացեց»:

Սենատորն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ «հնարավոր չէ սրբագրել կատարվածը»: Նա նաև նշել է, որ «այն դասը, որ մեզ տրվում է ցեղասպանությունների դարից, վերջնական է:  Մենք ցանկանում ենք, որ այն, ինչ տեղի է ունեցել, այլևս չկրկնվի: Եվ դրա համար է, որ մենք պայքարում ենք ազգերի ազատության, արժանապատվության և մարդու իրավունքների պաշտպանության համար՝ որպես համամարդկային արժեքների, առավել ևս այսօր, երբ  ականատես ենք դաժան ծայրահեղականության վերադարձի, որը վերացնում է քրիստոնեական մշակութային արժեքներն ու ժառանգությունը»:

Սենատորը ելույթը եզրափակել է նշելով. «Մենք այդ մասին ասում ենք այսօր՝ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Իսկ մի քանի օրից՝ ապրիլի 25-ին տոնելու ենք ֆաշիզմից մեր երկրի ազատագրման 70-ամյակը, հետևաբար ասում ենք զգոնության և ժողովրդավարության համար մեր ընդհանուր պայքարի նպատակով: Եվ այս պատճառով է, որ կհիշատակենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ ելնելով համերաշխության և մտերմության ոգուց, որոնք այդքան հարազատ են Հայաստանի հետ բարեկամություն միջխորհրդարանական խմբին, որը պատիվ ունեմ ղեկավարելու: 

Պարոն Նախագահ, հիշատակելով այդ սարսափելի փաստերը՝ այդ ցեղասպանությունը, որը, ցավոք, ճանապարհ հարթեց  այսպես կոչված Ցեղասպանությունների դարին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի, ինչպես նաև այլ ցեղասպանությունների միլիոնավոր զոհերի, այս ահավոր կարճ դարում, որը թողել ենք մեր հետևում, որպեսզի նայենք դեպի ապագա և որպեսզի ահազանգ և հուսո խորհուրդ հնչեցնենք, խնդրում եմ Ձեզ կոչ անել Ժողովին մեկ րոպե լռության»:

Ելույթից հետո Սենատի նիստը նախագահող փոխնախագահ Ֆեդելիի առաջարկով սենատորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:  

Ելույթի տեքստը տեղադրված է Սենատի պաշտոնական կայքէջում և լայնորեն մեկնաբանվում է իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել