Tert.am-ը գրում է.

Նախագահ Սարգսյանը պատասխանել է Reuters-ի և մի քանի այլ հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցների հարցերին։ Ներկայացնում ենք Reuters-ի  թղթակցի հարցը և Նախագահի պատասխանը։

Reuters-ի կովկասյան գրասենյակ. -Մի քանի օրից Հայաստանը նշելու է ողբերգական իրադարձությունների 100-ամյակը: Երբ մենք խոսում ենք դրա մասին, մենք չենք կարող չխոսել Հայաստանի և հարևան Թուրքիայի հարաբերություններից: 2009թ. մենք տեսանք հարաբերությունները բարելավելու հնարավորություն և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փորձ, բայց բոլորս գիտենք՝ ինչ տեղի ունեցավ. արձանագրությունները չվավերացվեցին խորհրդարանի կողմից: Ինչպե՞ս եք տեսնում ապագա հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք երկու հարևանների համար՝ կապերը բարելավելու:

- Գիտեք, շատ պարզ է, որ ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը չեն թողնելու այս տարածաշրջանն ու գնան այլ տեղ ապրելու: Մենք հարևաններ ենք, հարևանությունը մենք չենք ընտրել: Մենք պետք է կարողանանք համակեցության կանոններ մշակել, գոնե մեզ համար, թեև այդ կանոնները քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել է իր համար, բայց, ցավոք սրտի, դժվար է բացել այն դուռը, որի բանալին քեզ մոտ չէ: 2009թ.-ին մենք ենք  նախաձեռնել հարաբերություններ հաստատելու գործընթացը, բայց, ինչպես Դուք ասացիք, թուրքերը հրաժարվեցին վավերացնել ստորագրված երկու փաստաթղթերը, և հիմա մենք ունենք այլ իրավիճակ, քան կունենայինք, եթե նրանք վավերացնեինք այդ փաստաթղթերը:  Բայց միևնույնն է, մենք պետք է, ի վերջո, հարաբերություններ հաստատենք և այդ հարա-բերությունների հաստատումը պետք է  առանց նախապայմանների լինի: Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում: Մենք չեն ասում՝ դուք ճանաչեք Ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք: Մենք որևէ այլ պայման չենք առաջադրում, և կարծում եմ՝ մեր մոտեցումն արդարացի, կառուցողական մոտեցում է: Իսկ թուրքերը, ներողություն, ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել: Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել: Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայամնների հարաբերություններ հաստատել, ես վստահ եմ, որ գործն առաջ կգնա:

Reuters-ի կովկասյան գրասենյակ. –Վերջերս Հռոմի Պապը օգտագործեց ցեղասպանություն բառը իր ելույթներից մեկի ժամանակ: Եվ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական այլ երկրների խորհրդարաններ ճանաչեցին և կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր էլ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չի օգտագործելու այդ “G”-բառը Ապրիլի 24-ին: Արդյո՞ք Դուք հիասթափված եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Գիտեք, Միացյալ Նահանգների 51 նահանգներից 44-ը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների նախկին նախագահներ բազմաթիվ անգամ արտաբերել են այդ բառը, բազմաթիվ անգամ խոսել են Ցեղասպանության մասին, իսկ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը մեծ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Միացյալ Նահանգների նախագահ պարոն Օբաման, լինելով կոնգրեսական, բազմաթիվ անգամ ասել է Ցեղասպանություն բառը, և հիմա էլ նրա խոսնակները, մեկնաբանելով այս հարցը, ասում են, որ պարոն Օբամայի կարծիքը չի փոխվել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր Ցեղասպանություն բառը: Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի: Գիտեք, ես ականատեսն եմ եղել բազմաթիվ քննարկումների, որոնց մասնակցել են Միացյալ Նահանգների շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ նրանք չեն ասել, որ ցեղասպանություն չի եղել:  Բազմաթիվ անգամ նրանք ասել են՝  այո՛, եղել է Ցեղասպանություն, բայց այս պահին Միացյալ Նահանգների շահերից չի բխում Ցեղասպանության ճանաչումը: Կարծում եմ, այս դեպքում էլ նման է այն իրավիճակին, ինչ ես ասացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել