Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ հանդես է եկել ելույթով և ասել, որ հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Հարգարժա՛ն հյուրեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։
Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։

Եղեռնագործները վստահ էին, թե դարավոր բնօրրանից արմատախիլ, զանգվածային ջարդերի ու անապատի ամենակուլ ավազներում անմարդկային տառապանքի խաչին գամված հայի տեսակը պիտի վերանա։ Սակայն պարզվեց, որ հոգու հավերժության, փրկության ու հարության խորհուրդն առաջինը պետականորեն ճանաչած ժողովրդին բնաջնջելու ունակ զորություն, գոնե այս՝ երկրային կյանքում գոյություն չունի։

Այս օրերին մենք ոգեկոչում ենք մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Ես երկար պատմություն չեմ պատմելու. այդ պատմությունը պատմում է ամեն մի հայ ընտանիք, որ ապրում է Հայաստանում կամ Թուրքիայում, Ռուսաստանում կամ Ֆրանսիայում, Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում կամ Ավստրալիայում: Որովհետև դա մե՛ր ընտանիքների պատմությունն է: Թուրքական պետությունը ոչնչացրել է իր հպատակներին, որոնք 1-ին աշխարհամարտում կռվող կողմ չէին, նրանք խաղաղ, քաղաքացիական բնակչություն էին և սպանվել են միմիայն հայ լինելու պատճառով:

Հարգելի՛ ներկաներ

Մեզ հաճախ հարցնում են, թե հայերն ինչու են այդքան խոսում ցեղասպանության մասին և նույնիսկ զարմանում են, որ 21-րդ դարում դա կարող է լինել օրակարգային հարց: Բայց մենք բոլորս անցյալ տարի վկան եղանք եզդիների կոտորածների: Մարդկանց սպանում էին իրենց ազգային և կրոնական պատկանելության համար: Եվ եզդի փախստականները քայլեցին նույն դժոխային ճանապարհներով, ինչ հայերը: Մենք բոլորս ստիպված ենք խոստովանել, որ իբրև միջազգային հանրություն, չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի և ցինիզմ՝ մեկնաբանությունների մեջ:

Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստեղ է խնդրի արդիականությունը:

Հարգելի՛ հյուրեր,

Թուրք ազգայնամոլները հույս ունեին, որ հայերի ցեղասպանությամբ հայ ժողովրդի հարցերը իրենք լուծել էին և լուծել էին այնպես, ինչպես իրենք էին ճիշտ համարում: Նրանցից ոմանք նույնիսկ համոզված էին, որ հայ ժողովրդի ապագայի դուռը մեկընդմիշտ փակված է: Եվ փակողը իրենք էին:

Մենք այսօր ասում ենք հետևյալը՝ հայերն իրենց հայրենիքում պետականորեն և մշակութապես ապրել, արարել ու պայքարել են հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան հավերժի ճամփա է, և մենք չենք պատրաստվում թևաթափ լինել: Ավելին՝ նույնիսկ ֆիզիկական բնաջնջումը և արտաքսումը սեփական հայրենիքից, բռնի իսլամացումը և բռնի թրքացումը մեզ չեն հուսահատեցրել: Երիտթուրքերի զինանոցի այդ գործիքները նույնպես ի զորու չէին մի ողջ քաղաքակիրթ ազգ վերացնելու: Միայն Հրանտ Դինքի սպանության փաստը բավական է տեսնելու, որ այդ զինանոցի գործիքներից դեռ այսօր էլ մնացել են: Կրկնում եմ, մենք ոչ միայն չենք թուլացել ոգով, այլև ամրացել ենք: Մենք վերապրել ենք ու վերածնվել, մենք պետականորեն վերադարձել ենք ազգերի համաշխարհային ընտանիք: Այո՛, ծանր հարված ենք ստացել, ունենք դառը փորձ: Դարձել ենք ավելի զգույշ և շրջահայաց: Բայց այդ փորձը մեզ օգնում է և չի խանգարում լինել խիզախ այնտեղ, որտեղ պետք է լինել խիզախ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել