Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց «Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպում ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» Փոխըմբռնման Հուշագիրը:

Ավելի ուշ ՉԺՀ կառավարության կողմից պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի շնորհման մասին (ՉԺՀ օրենսդրությունից բխող պահանջ, համաձայն որի՝ Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություններ հնարավոր է իրականացնել դեպի վերոնշյալ կարգավիճակը ստացած երկրներ):

Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված զբոսաշրջային այցելությունների քանակի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմամբ:

Ըստ վիճակագրական տվյալների հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2014թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն է ժամանել 1 203 746 զբոսաշրջիկ, կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.3%-ով:

Դժվար է թերագնահատել Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից հայ-չինական համագործակցության ակտիվացումն ու ամրապնդումը: Կառավարության ղեկավարը հանձնարարականներ տվեց պատասխանատու մարմիններին քայլեր ձեռնարկել հետագա ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել