Tert.am.am-ը գրում է.

Հայաստանը դառնում է ցեղասպանությունների դեմ միջազգային շարժման նախաձեռնող ու առաջամարտիկ. այս տեսակետից սա Հայաստանին միջազգային քաղաքականության մեջ բավականին հետաքրքիր և կարևոր դերակատարում է տալիս:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը` անդրադառնալով այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

«Հայկական պետության ղեկավարը, որը ներկայացնում է Հայաստանը, իրեն կողմնորոշում է որպես ցեղասպանությունների դեմ համամարդկային պայքարի առաջնորդ և այս դերում` լուծումներ է առաջարկում՝ հետագայում նման հանցանքները կանխելու համար։ Այս տեսակետից սա Հայաստանին միջազգային քաղաքականության մեջ բավականին հետաքրքիր և կարևոր դերակատարում է տալիս, որը ընդունում է նույն միջազգային հանրությունը»,- ասաց քաղաքագետը։

Որպես ասվածի լավագույն վկայություն՝ նա նկատեց, որ համաժողովի ընթացքում իրենց բացման խոսքերում թե՛ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, թե՛ Ցեղասպանագետների միության նախագահն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին:

Թորբյորն Յագլանդը մասնավորապես ասել էր, որ Հայաստանը հույս ներշնչող պետություն է, «Ձեր տառապանքը կարողացել եք  ուժի վերածել, ինչն այս շաբաթ ամբողջ աշխարհը կարող է տեսնել։ Պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ եմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում չկենտրոնացավ միայն Հայոց ցեղասպանության խնդրի վրա, այլ անդրադարձ կատարեց նաև այլ ցեղասպանություններին, նաև ներկա՝ այս պահին ու այսօր:

Հայաստանի Նախագահը հստակեցրեց, որ խոսքը ժամանակակից քաղաքակրթության բնօրրանում՝ Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և անհանդուրժողականության աճի արդյունքում տարբեր փոքրամասնությունների դեմ բռնությունների, որոշ վայրերում՝ նաև ցեղասպան դրսևորումների ի հայտ գալուն է վերաբերում:

Հրանտ Մելիք Շահնազարյանը հայտարարեց, որ ցեղասպանությունների դեմ միջազգային շարժումը պետք է, բնականաբար, հիմնված լինի նախորդ ցեղասպանությունների դատապարտման վրա՝ ուղղված ապագայում նորերը կանխարգելելուն:

«Եվ Նախագահի խոսքը ֆորումի բացմանը այդ նոր քաղաքականության մասին է ավետում: Չի առանձնացնում Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, որ մեր դժբախտությունը չենք գերադասում, այլ փորձում ենք դրա ճանաչումից ու դատապարտումից հետո անցնել նաև ժամանակակից խնդիրների լուծմանը»,-եզրակացնում է քաղաքագետը:

Հիշեցնենք համառոտակի այն ուղերձները, որ ՀՀ Նախագահը հղեց ֆորումի մասնակիցներին, սփյուռքին ու աշխարհին. նախ, որ Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները հիմնված են չորս առանցքային հենասյուների վրա՝ հիշողության, երախտագիտության, կանխարգելման և վերածննդի, որ հայերիս համար հիշողությունը բարոյական պարտավորություն է և, միաժամանակ, անբաժանելի անհատական և կոլեկտիվ իրավունք:

Այն բարոյական պարտավորություն և իրավունք է հիշելու մեկուկես միլիոն մեր նահատակներին, հարյուր հազարավորների կրած անմարդկային զրկանքները, հազարամյակների ընթացքում մեր ժողովրդի կուտակած նյութական և հոգևոր ժառանգության կորուստը, 20-րդ դարասկզբի հայ մտավորականության՝ հիմնականում Կոստանդնուպոլսում ապրող այն ստվար հատվածին, որին ոչնչացնելով՝ սկիզբ դրվեցին զանգվածային ջարդերին:

Հիշատակված 4 կետերը, ըստ Հրանտ Մելիք Շահնազարյանի, այն բանաձևերն են, որոնք թույլ կտան ապագայում մարդկությանը զերծ պահել նման հանցագործություններից:

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասով «մեսիջներին»,ապա Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատեց, որ ՀՀ Նախագահը, հանդես գալով համամարդկային արժեքների և համամարդկային շահերի դիրքերից, Թուրքիայի ժխտողական քաղաքականության ֆոնին ձևավորում է այն պատնեշը, որը պետք է բաժանի Թուրքիայի ժխտողականությունը պատմական արդար դատից և պատմական արդարության վերականգնումից:

«Եվ այս շարժման ընդհանուր կոնտեքսն այն է, որ ոչ միայն այս ելույթով, այլ Ցեղասպանության համայկական հռչակագրի ընդունմամբ, իսկ հետո նաև Պապի պատարագից ու Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունումից հետո ձևավորվում է մարդկության քաղաքակիրթ հատվածի պահանջատիրություն»,-ասաց նա:

Ըստ Հրանտ-Մելիք Շահնազարյանի՝ որքան Թուրքիան համառում է իր ժխտողական քաղաքականության մեջ, ապա այնքան ավելի է խորացնում այդ պատնեշը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել