Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն առաջացրել է «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցների զանգվածային հիվանդացում։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ ընկերության թվով 18 աշխատակիցներ ընկերության սպանդանոցում կատարված մանր եղջերավոր անասունների մորթման, մորթազերծման և մսամթերքի մշակման ընթացքում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետևանքով հիվանդացել են «Բրուցելոզ» հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:

Նյութերով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի «Գյուղարտ» ՓԲ  ընկերության առանձին աշխատակիցների կողմից խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, որն առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։

Նախապատրաստված նյութերով ապրիլի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

18 անձ ճանաչվել է որպես տուժող։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել