Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ուղիղ 100 տարի առաջ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Դա առաջացրել է Թուրքիայի զայրույթը, գրում է Deutsche Welle-ն։

Ցեղասպանություն՝ մենք սկսում ենք սովորել այդ սարսափելի բառին։ Այն հնչում է Հաագայի դատարանում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հանցագործությունների մասին զեկույցներում։ Սակայն ի՞նչ են աշխարհում հասկանում «ցեղասպանություն» ասելով։

ՄԱԿ-ը 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունել է Ցեղասպանության հանցագործության նախազգուշացման և դրա համար պատժելու մասին կոնվենցիան։ Այն ցեղասպանությունը (հունարեն genos` ժողովուրդ և լատիներեն caedere` սպանել) բնորոշում է որպես «գործողություն, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու նպատակով»։

Կոնվենցիան ստորագրած պետությունները պարտավոր են պատժել այդ հանցագործության համար։ Սակայն ցեղասպանության իրականացման անհերքելի ապացույցներ ներկայացնելը չափազանց բարդ է։ Պետք է ապացուցվի մեղադրյալի անհատական մեղքը։ Ավելին, պետք է ապացուցել ցեղասպանության իրականացման մտադրությունը։ Սակայն ղեկավարները հազվադեպ են կոնկրետ հրամաններ տալիս այս կամ այն փոքրամասնությունը ոչնչացնելու վերաբերյալ, գրում է աղբյուրը։ 

Քաղաքական գործիչները և պատմաբանները թեժ վեճեր են ունենում «ցեղասպանություն» հասկացության շուրջ։ Գերմանիայի Ռուրի համալսարանին կից Սփյուռքի և ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտի աշխատակից Մեդարդուս Բրելն ընդգծում է, որ այստեղ բախվում են բարոյականությունը և իրական քաղաքականությունը։

«Ցավոք, աշխարհում, որպես կանոն, պատրաստ են իրական քաղաքականությանը զոհաբերել ցանկացած բարոյական սկզբունք»,- ասում է Բրելը՝ նշելով, սակայն, որ այս օրերին գերմանացի քաղաքական գործիչները վերանայում են իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել