Tert.am-ը գրում է.
Թուրքական Radikal պարբերականում հրապարակված իր հոդվածում Սերքան Դեմիրթաշը գրել է Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայում սկսված խուճապի, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ցավակցական ուղերձի ու դրա դրդապատճառների մասին:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապից ու 550 միլիոնանոց Եվրոպան ներկայացնող Եվրոպայի խորհրդարանից հետո ԵՄ ամենակարևոր երկրներից մեկը՝ Գերմանիան, հայտարարել է Ցեղասպանությունը ճանաչելու մասին:
Այժմ բոլորի հայացքներն ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, սակայն մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայերին ուղղված 2-րդ ցավակացական ուղերձը հրապարակեց: Անկարան անդադար աշխատում է, սակայն միմյանց հետևից եկող ճանաչման որոշումներից մեծ անհանգստություն է զգում:
Առաջին աշխարհամարտի տարիներին հայերը բռնի տեղահանվեցին, նրանց մեծամասնությունն այդ ընթացքում սպանվեցին: Ապրիլի 24-ից օրեր առաջ Անկարան նոր քայլ կատարեց: Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վարչապետության շրջանում ցավակցական ուղերձ էր հղել, ինչի շարունակությունն այս տարի հրապարակեց Ահմեթ Դավութօղլուն:
Այդ ուղերձը, սակայն, մի տարբերություն ուներ. անցյալ տարվա ուղերձը հրապարակվել էր ապրիլի 24-ից մեկ օր առաջ: Դավութօղլուն, սակայն, այն ներկայացրեց 4 օր առաջ: Անկարայի նպատակն այն է, որ Թուրքիայի այդ ուղերձն ավելի շատ քննարկվի, օրակարգում մնա և ազդի հնարավոր ճանաչման գործընթացների վրա:
Դավութօղլուի ուղերձում ևս մեկ ուշագրավ տարբերություն կա. դրանում տեղ է գտել Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից ապրիլի 24-ին կրոնական արարողության իրականացման մասին տեղեկությունը:
Ամենևին էլ պատահական չէ, որ Դավութօղլուն հայտարարությունն արեց հենց այն օրը, երբ Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնեց, որ կառավարությունն աջակցելու է խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված փաստաթղթին:
Գերմանիայում 3 միլիոնից ավելի թուրք է բնակվում, Գերմանիան Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերն է, և նման քայլն Անկարա-Բեռլին հարաբերություններում լուրջ սառեցման պատճառ կարող է դառնալ:
Գերմանիան միանալու է Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Շվեդիայի ու Բելգիայի նման առաջատար եվրոպական երկրներին:
Դա տեղի կունենա Եվրոպայի խորհրդարանի՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ ընդունած բանաձևից հետո և ցույց է տալիս, որ Թուրքիան Ցեղասպանության դեմ պայքարում պարտվել է Եվրոպայում»: